Արմինֆո. Թուրքիան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործում. Թուրքիային ընտրելով որպես միջնորդ՝ Հայաստանը, փաստորեն, իր առջև դնում է ևս մեկ թշնամու և ասում, որ պայքարելու է երկուսի դեմ: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել վերլուծաբան, Կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (the Applied Policy Research Institute (APRI Armenia) գիտաշխատող, պ.գ. թ. Սերգեյ Մելքոնյանը։
Խոսելով միջնորդության մասին՝ փորձագետը կոչ է արել ուշադրություն դարձնել բանակցությունների արդյունքներին, այդ թվում՝ ռուսական միջնորդությամբ, որոնք դրական արդյունքների չհանգեցրին, ԵՄ միջնորդությամբ, որոնցից հետո կորսվեց Արցախը, անմիջականորեն Ադրբեջանի հետ՝ որպես արդյունք Տավուշի մի մասի հանձնում։ «Հետևաբար, Թուրքիայի միջնորդությունը ոչինչ չի փոխի։ Եթե նպատակներն այլ կերպ դնենք, ապա, գուցեեւ, այլ արդյունք ստանանք", - ասել է Մելքոնյանը։
Նրա կարծիքով՝ միջնորդը պետք է ի վիճակի լինի պատասխանատվություն կրել, սակայն, ոչ ոք դա չի կրել։ "Առավել ևս՝ Թուրքիան չի կարող, քանի որ շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ", - նշել է գիտաշխատողը:
Անդրադառնալով Նյու Յորքի Թուրքական տանը Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպման արդյունքներին՝ Մելքոնյանը վերջինս որակել է որպես փորձ՝ ցույց տալու, որ կողմերի միջև երկխոսություն կա: Նա հիշեցրել է, որ 2021 թվականին Հայաստանը տարբեր մակարդակներով մասնակցել է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, և այս բոլոր տարիներին բանակցությունների ընթացքում ոչ մի արդյունքի չի հաջողվել հասնել։
"Նման ժեստերով Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ ընտրված օրակարգը հաջողությամբ իրագործվում է, թեեւ, իրականում, դա այդպես չէ", - ընդգծել է պատմաբանը: