Արմինֆո. Փարիզի փաստաբանների կոլեգիայի փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեն և Կատալինա դե լա Սոտան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում փախստական դարձած անձանց անունից բողոք են ներկայացրել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազին: Այդ մասին հաղորդում է Le Point պարբերականը։
Իրենց հրապարակած հայտարարությունում փաստաբանները հիշեցրել են, որ արդեն մեկ տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան ստիպել է ավելի քան 100 հազար հայերի լքել իրենց տները: Նրանք արցախահայության զանգվածային տեղահանությունը որակել են մեր ժամանակների էթնիկ զտման ամենաաղաղակող դեպքերից մեկը և մարդկության դեմ հանցագործություն:
Բացի այդ, Ֆրանսուա Զիմերեն և Կատալինա դե լա Սոտան Ֆրանսիային կոչ են արել գործել իրենց մշտական հայտարարություններին համապատասխան՝ կիրառելով Հռոմի ստատուտի 14-րդ հոդվածը:
"Միջազգային քրեական դատարանը դեռ հեռու է կատարելությունից, նրա լեգիտիմությունը դեռեւս ուժեղացման կարիք ունի, բայց ուրիշ որ իրավասությունը կարող է պատասխանել այս հարցերին՝ լույս սփռելով կատարված հանցագործությունների վրա, և դատել պատասխանատուներին",- փոխանցում է Le Point-ը։
Ամբողջական հոդվածը ներկայացված է հետևյալ հղումով. https://www.lepoint.fr/debats/c-est-a-la-france-de-saisir-la-justiceinternationale-pour-les-crimes-commis-au-haut-karabakh-27-09-2024- 2571318_2.php