Արմինֆո.Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։
Հիշեցնենք, որ 2024թ. հունիսին Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Պաղեստին պետությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում Պաղեստինի ճանաչման վերաբերյալ նշել են, որ Գազայի հատվածում աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունը միջազգային քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցերից են, որոնք լուծում են պահանջում: "Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները, ինչպես նաև զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է միջազգային հանրության պահանջներին՝ առանց նախապայմանների նրանց ազատ արձակելու վերաբերյալ", - ասվում էր ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում: