Արմինֆո. Սեպտեմբերի 27-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի համար: Միջոցառմանը մասնակցել են գերիների հարազատներն ու մտերիմները, այդ թվում ՝ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրը:
Լրագրողների հետ զրույցում "Ավրորա" նախաձեռնության հիմնադիրներից՝ բարերար Նուբար Աֆեյանը նշել է, որ այս պահին խնդիրը գերիների համար արդարության ապահովումն է, առանց որի խաղաղություն չի կարող լինել։ "Ամենակարեւորը, որ մենք պետք է անենք, գերիների համար արդարություն ապահովելն ու այդ արդարության վրա հիմնված խաղաղություն ստեղծելն է", - ասել է Աֆեյանը, ակնարկելով, որ այդ անհրաժեշտության մասին ասել է Հայաստանի իշխանություններին:
Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի մասին հայտարարություններին՝ Նուբար Աֆեյանն ընդգծել է, որ ինքը Ռուբեն Վարդանյանի հետ համագործակցել է 24 տարի, և նրա մասին կեղծ լուրերն անթույլատրելի են: "Ինձ համար անընդունելի է, որ ինչ-որ մեկը կարող է վիրավորել մեծ, իր գործին նվիրված հայ Ռուբենին, ով հարյուր միլիոններ է ծախսել բարեգործության համար ՝ նրան անվանելով իբրև թե ինչ-որ այլ ծրագրերի պատկանող մարդ: Նա գնացել է Արցախ՝ մտահոգ այնտեղ տիրող իրավիճակով, վտանգել է իր կյանքը", - ընդգծել է Նուբար Աֆեյանը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ՝ նրանք մի քանի տասնյակից մի քանի հարյուր են։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին ներկայացուցիչներ. Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: