
Արմինֆո.Օրացույցի այս օրը, որը մեզ հիշեցնում է արցախյան երկրորդ պատերազմի (որում մենք տարբեր պատճառներով պարտվեցինք) առաջին օրը, չպետք է ընկալվի որպես ամոթի օր։ Ընդհակառակը, այն պետք է դառնա ինչպես զոհերի հիշատակի, այնպես էլ անցյալի իրադարձությունների հիշողության ու խորը վերլուծության օր։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Կարևոր է ոչ միայն հիշել կատարվածը, այլև արժեքավոր դասեր քաղել, դրանք կիսել հանրության հետ և փոխանցել սերունդներին՝ ապագայում նմանատիպ ողբերգություններից խուսափելու համար: Տեղի ունեցածի հիշողությունը պետք է դառնա մտորումների հիմք և լուրջ վերլուծության առիթ։ Յուրաքանչյուր տարի այս օրը մենք պետք է քննության ենթարկենք մեզ. արդյո՞ք մենք խորը ուսումնասիրել և վերլուծել ենք այն սխալներն ու բացթողումները, որոնք հանգեցրել են պարտության, արդյո՞ք բացահայտել ենք մեր թուլություններն ու թերությունները:
Հիմնական դասը, որը մենք պետք է քաղեինք, պարտության խորհրդանիշներից ազատվելու անհրաժեշտության գիտակցումն էր, ինչը ներառում է ոչ միայն հնացած իդեալների և խորհրդանիշների վերանայում, այլև վճռական խզում այն ուժից, որը մեզ տանում է դեպի ձախողում: Դասեր քաղելը և դրանք գործնականում կիրառելը պահանջում է քաջություն և փոխելու պատրաստակամություն: Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ և ընդունենք, որ անցյալի ռազմավարություններն ու մոտեցումները, ինչպես նաև դրանք կյանքի կոչողները բավականաչափ արդյունավետ չեն եղել, իսկ վերջին շրջանում, առհասարակ, եղել են ապիկար ու ապապետական:
Այսօր կրկին մենք մեզ հարց ենք տալիս. ե՞րբ է գալու բարեփոխումների ժամանակը, որոնք հաշվի կառնեն նախկին սխալները և թույլ կտան կյանքի կոչել նոր, ավելի առաջադեմ գաղափարներ։ Արդյո՞ք մենք ի զորու ենք շրջել պատմության անիվը և վերջապես բերել այդ ժամանակները», - ամփոփել է Դավիթ Անանյանը:
Ուղիղ 4 տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 07:10-ին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների ներգրավմամբ, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ: 44 օր տևած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանային և հրթիռային հարվածների էր ենթարկում Արցախի խաղաղ բնակավայրերը ՝ կիրառելով նաև արգելված զինատեսակներ: Ռազմական գործողություններն ընթանում էին Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի որոշ հատվածներում:
Թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք:
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, համաձայն որի, Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ. Ակնայի և Քարվաճառի շրջանները, Լաչինի շրջանը (բացառությամբ Լաչինի միջանցքի), Հադրութի շրջանի մի մասը, Շուշի քաղաքը, Ասկերանի և Մարտակերտի շրջանների որոշ գյուղեր ։ Արցախի Հանրապետության մնացած հատվածում տեղակայվեցին շուրջ երկու հազար ռուս խաղաղապահներ և 470 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև դիտակետեր Արցախի և Ադրբեջանի շփման գծում և Հայաստանը Արցախին կապող Լաչինի միջանցքի երկայնքով:
Աղետալի պատերազմը, պաշտոնական տվյալների համաձայն, խլեց առնվազն 4000 հայ զինվորի և խաղաղ բնակչի կյանք։ Հարյուրավոր մարդիկ անհետ կորել են և գերեվարվել ։