Արմինֆո.Փաշինյան-Էրդողան երկկողմ հանդիպում չի եղել, դա եղել է հենց Հայաստանի վարչապետի այց Թուրքիայի նախագահին։ Սեպտեմբերի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հանդիպում չի եղել, եկեք ճիշտ ձևակերպենք բառերն ու մտքերը։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ոչ թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու ժամանակ, ոչ թե ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ կան բազմաթիվ սրահներ և հատուկ կառուցված հարթակներ երկկողմ հանդիպումների համար, այլ գնացել է "թուրքական տուն" կոչվող երկնաքեր՝ Առաջին ավենյուում, որտեղ տեղակայված է ՄԱԿ - ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը և այդ երկրի գլխավոր հյուպատոսությունը Նյու Յորքում", - նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հանդիպման մասին հայ հասարակությունն իմացել է թուրքական լրատվամիջոցներից։ Բացի այդ, Մանուկյանը հիշատակել է ևս մեկ ուշագրավ փաստ. Էրդողանի և Պակիստանի նախագահի հանդիպմանը ներկա են եղել ԱԳ նախարարն ու մամուլի քարտուղարը և այլոք: Սակայն Հայաստանի պատվիրակության հետ հանդիպմանը, ընդդիմադիր պատգամավորի ասելով, թուրքական պատվիրակության կազմում ներկա է եղել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, ով, օրինակ, չի մասնակցել Պակիստանի նախագահի հետ հանդիպմանը՝ նույն վայրում։