


Անհնար է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման` առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հակամարտության համապարփակ լուծումը պետք է ներառի կարգավիճակի հարց, իսկ դա որոշելու համար հարկավոր է Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտում. դա կարգավորման տարրերից մեկն է», - հայտարարել է ամերիկացի համանախագահը` հուլիսի 20-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը:
Նա նաև հաղորդել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել` մինչև տարեվերջ: «Մենք հույս ունենք, որ մինչև տարեվերջ նախագահներն, այնուամենայնիվ, կհանդիպեն: Հանդիպումներն անհրաժեշտ են կարգավորման գործընթացի ապահովման համար: Առայժմ քննարկվում են կարգավորման սկզբունքներն ու տարրերը: Մենք դեռ չենք հասել այն մակարդակի, երբ բանակցությունների սեղանի շուրջ կարելի կլինի նստել քարտեզներով: Նախագահներն առայժմ քննարկում են սկզբունքներն ու տարրերը, և հուսանք, որ գործը կհասնի այն մակարդակին, երբ հնարավոր կլինի պարբերաբար քննարկել բոլոր մանրամասները», - հայտարարել է ամերիկացի միջնորդը:
Անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «վեցյակի» միջև համաձայնագրին և դրա ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա` Ուորլիքն ընդգծել է, որ այդ հարցը կարելի է շոշափել միայն այն ժամանակ, երբ պարզ դառնա, թե ուր է տանում Վիեննայի համաձայնագիրը:



