Արմինֆո.Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը:
Ինչպես ասվում է Արդարադատության նախարարության հաղորդագրությունում, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։
«Որոշման համաձայն՝ պետք է․
1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում գտնվող օբյեկտի (փաստացի՝ հյուրանոց) շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
2․ Ամբողջությամբ դադարեցնել «ԿԵՉԱՌԻՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության աշխատանքները ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում՝մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
3․ Սույն որոշման կատարման ժամկետ սահմանել՝ անհապաղ՝ ելնելով հանրային շահից։ Կողմերը պատշաճ ծանուցվել են վարույթի հարուցման և հետագա կատարողական գործողությունների մասին։
Սեպտեմբերի 19-ին հարկադիր կատարողն է այցելել է նշված հասցե՝ հյուրանոցի տնօրենին որոշումներն առձեռն հանձնելու և կատարողական գործողությունների մասին տեղեկացնելու։ Դրանց վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Տրվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 15։00՝ որոշման պահանջները կամովին կատարելու համար։ Սեպտեմբերի 24-ին տարածք այցելության ընթացքում պարզվել է, որ հյուրանոցի գործունեությունը չի դադարեցվել, արդյունքում՝ հարկադիր կատարողների կողմից հյուրանոցի շահագործումը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը», - նշում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Միհրան Պողոսյանի գլխավորած "Հայկական ազգային միասնություն" կուսակցության Facebook-յան էջում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ իշխանությունները որոշում են կայացրել փակել Ծաղկաձորի "Կեչառիս" հյուրանոցը:
ՀԱՄ կուսակցությունը ստեղծվել է այս տարվա մարտին ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի կողմից, ով կուսակցության նախագահ է ընտրվել առաջին համագումարում: Պողոսյանը նաև հայտարարել է կուսակցության արտասահմանյան գրասենյակներ բացելու մտադրության մասին, ներառյալ ներկայացուցչություններ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Գերմանիայում:
Միհրան Պողոսյանը ներկայում հետախուզման մեջ է 9 քրեական հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար: Նրան մեղսագրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքի օրինականացում (փողերի լվացում), վստահված գույքի առանձնապես խոշոր գումարների յուրացում (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքի օգտագործում խոշոր չափերով վատնում կատարելու համար, մի քանի դրվագով չարաշահում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Այն նաև անցնում է "կոկաինի գործով" ՝ կապված ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից (ս. թ. մայիսի 17-ին - խմբ.) 1 տոննա կոկաինի առգրավման հետ, որը Հանրապետություն է ներկրել Միհրան Պողոսյանին պատկաանող ընկերությունը՝ Էկվադորից։