Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներ անվտանգ վերադարձի իրավունքը վճռորոշ նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ ԱՄՆ հայ համայնքին հղած ուղերձում:
Այս առնչությամբ նա նշել է, որ մտադիր է շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության խթանման իր ջանքերում:
Հարիսը նաև ընդգծել է, որ Անկախության օրը տոնելիս պետք է միշտ հիշել Հայոց ցեղասպանության մասին, երբ շուրջ 1.5 մլն հայեր տեղահանվեցին, սպանվեցին և մահվան ուղարկվեցին: Այդ ողբերգությունը, նրա խոսքով, շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։
«Ամերիկահայ համայնքի տոկունությունը շարունակում է մնալ ոգեշնչման աղբյուր ամերիկյան մեր ընդհանուր պատմության մեջ: Ես մնում եմ հանձնառու Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը, որը կհարգի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը», - ասել է ԱՄՆ նախագահի թեկնածուն:
Նա հավելել է, որ Հայաստանն ու իր ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորին ձգտել ազատության և արդարության: «Ես հանձնառու եմ մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերության ամրապնդմանը, ինչը նպաստում է մեր ընդհանուր արժեքներին և ձգտումներին: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի անվտանգ, արդար և ազատ աշխարհ", - նշել է Քամալա Հարիսը ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ