
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի Երևան այցը Եվրամիության և Հայաստանի միջև կապերի և համագործակցության ձևաչափի խորացման գործում շահերի ընդհանրության և փոխըմբռնման լավագույն վկայությունն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ամփոփիչ մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է, որ հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ են, ինչն այդ ուղղությամբ քաղաքական կամքի և, գլխավորը, արժեքների ընդհանուր համակարգի առկայության արդյունք է: Նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵՄ հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Հայաստանի հետագա ժողովրդավարացման գործընթացը կրում են շարունակական բնույթ:
Ընդ որում ՀՀ նախագահը գոհունակություն է հայտնել «ԵՄ Արևելյան գործընկերունթյան» Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներից, որն արձանագրել է անդամ երկրների նկատմամբ տարբերակված դիրքորոշում դրսևորելու անհրաժեշտությունը` փոխադարձ համագործակցության հիման վրա: «Ես միշտ ասել եմ ձևաչափի անդամ բոլոր երկրների նկատմամբ տարբերակված դիրքորոշում դրսևորելու անհրաժեշտության մասին` ելնելով դրանց արմատական տարբերությունից: Օրինակ, Ադրբեջանի հետ կարելի է համագործակցել էներգակիրների ոլորտում: Իսկ մենք շահագրգռված ենք ժողովրդավարության զարգացմամբ և այդ ռակուրսով համագործակցության խորացմամբ», - պարզաբանել է նախագահը:
Նա ընդսմին հույս է հայտնել, որ առաջիկայում մեկնարկ կտրվի համագործակցության շուրջ նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ Հայաստան-ԵՄ բանակցություններին, ինչը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:
Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցերը, տարածաշրջանային հրատապ հարցեր: Անդրադառնալով Իրանի և «վեցյակի» միջև պայմանավորվածություններին` նախագահը ողջունել է դրանք, ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի սրընթաց զարգացմամբ: Ինչ վերաբերում է Հունաստանի խնդրին, Սերժ Սարգսյանը բարեկամական Հունաստանին մաղթել է դրա շուտափույթ հաղթահարում և ԵՄ գծով գործընկերների հետ փոխընդունելի լուծումների ձեռք բերում: