


Արմինֆո. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է Արցախի օկուպացման առաջին տարելիցի վերաբերյալ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարության ամբողջական տեքստը, դժգոհելով, որ Օտտավան բարձրացնում է արցախցիների համար կարևոր հարցեր, իսկ Հայաստանը՝ ոչ։
«Կանադայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն է Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ, որտեղ հստակ արձանագրվում է և՛ գերիների ու պատանդների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, և՛ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, և՛ հակամարտության կարգավորման համար կարևոր ինքնորոշման իրավունքի հարգումը:
Կանադան խոսում է այս կարևոր հարցերի մասին, Հայաստանը՝ ոչ:
Շուտով երևի Կանադան էլ կհայտարարվի Հայաստանի «ազգային անվտանգության սպառնալիք»», - գրել է Ստեփանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ Ժոլին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական օկուպացիայի և այնտեղ իրականացված էթնիկ զտման տարելիցի կապակցությամբ իր հայտարարության մեջ մատնանշել է արցախահայության ինքնորոշման իրավունքը, հիշեցրել երեք հիմնարար սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է վերջնականապես կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և ընդգծել Բաքվի բանտերում պահվող հայերի վերադարձի կարևորությունը: Նա նաև ընդգծել է գրավված հողերում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման անթույլատրելիությունը ։



