Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրան ուղեկցող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության մի շարք պատգամավորների՝ սեպտեմբերի 25-30-ը Կանադա նախատեսված այցը հետաձգվել է այդ երկրի ներքաղաքական խնդիրների պատճառով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը:
"Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակը զանգահարել է Ալեն Սիմոնյանին եւ խնդրել հետաձգել այցը, քանի որ Կանադայում ներքաղաքական ճգնաժամ է առաջացել. կուսակցություններից մեկը դուրս է եկել երկրի կառավարող կոալիցիայից", - հայտարարել է Հարությունյանը:
Ընդ որում, նրա ասելով, այցը չի չեղարկվել, այլ հետաձգվել է մինչեւ Կանադայում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը:
Ինչ վերաբերում է Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը ԱԺ նախագահի մասնակցությանը, ապա, ինչպես ասել է ԱԺ ներկայացուցիչը, հարցն այս պահին քննարկվում է, և այն հանրության համար հասանելի կդառնա՝ հենց որոշում կայացվի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հրավեր է ստացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, բայց, ցավոք, չի մասնակցի ՀԱԵ Մայր տաճարի վերաօծման և Սուրբ խաղաղության օծման արարողությանը (տեղի կունենան սեպտեմբերի 28-29-ը): "Ես այստեղ չեմ լինի, ես պաշտոնական այցով մեկնելու եմ Կանադա եւ չեմ կարող մասնակցել", - նշել էր նա:
Ուշագրավ է, որ այսօր Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման տարելիցին, հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Օտավան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական լուծմանը՝ բանակցությունների միջոցով, ինչպես նաև ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հարգման սկզբունքներին: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի չարդարացված ռազմական գործողությանը նախորդել է Լաչինի միջանցքի, մարդասիրական բեռների ճանապարհի իննամսյա շրջափակումը, ինչը խախտել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը: Օտավան բազմիցս կոչ է արել և շարունակում է կոչ անել անվերապահ ազատ արձակել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին, հավելել Է Կանադայի ԱԳ նախարարը ։