Արմինֆո. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
"Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին՝ այն օրից, երբ Ադրբեջանը սկսեց իր ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում։ Այս գործողության հետևանքները զգալի են եղել. ավելի քան 100 000 քաղաքացիական անձ, այդ թվում ՝ 30 000 երեխա, բռնի տեղահանվել են Հայաստան, ինչը հանգեցրել է երկրում մարդասիրական կարիքների կտրուկ աճի", - ասվում է հայտարարությունում:
Կանադայի ԱԳ նախարարն արձանագրել է, որ Ադրբեջանի չարդարացված ռազմական գործողությունը հաջորդել է Լաչինի միջանցքով մարդասիրական բեռների մատակարարման իննամսյա շրջափակմանը, ինչը միջազգային դատարանի կողմից սահմանված ժամանակավոր միջոցների խախտում է:
"Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ և շնորհակալ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թվականին մենք ավելի քան 3,9 միլիոն դոլար ենք հատկացրել մարդասիրական օգնության համար ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով։
Կանադան շարունակում է կոչ անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բովանդակալից բանակցություններ վարել, ինչպես նաեւ շարունակել երկխոսությունն ու կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները ՝ այդ տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղության հասնելու համար:
Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին ։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր էթնիկ հայերին", - նշել է Ժոլին։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական լուծմանը բանակցությունների միջոցով եւ հանդես է գալիս ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի հարգման սկզբունքների օգտին' այդ տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ երկարաժամկետ խաղաղությանն ուղղված բանակցությունների շրջանակում:
"Դա պետք է նախատեսի հայ քաղաքացիական անձանց վերադարձի անվտանգ եւ արժանապատիվ իրավունք, մարդու իրավունքների եւ քաղաքացիական կենսապայմանների պաշտպանության երաշխիքներ, ինչպես նաեւ այդ տարածքում հայկական մշակութային եւ պատմական հուշարձանների պահպանում", - ընդգծել է Կանադայի ԱԳ նախարարը: