


Հայաստանի որոշ քաղաքական ուժեր լուրջ չեն վերաբերում սահմանադրական բարեփոխումներին, ինչի առնչությամբ չեն ցանկանում մասնակցել սահմանադրական բարեփոխումների նախագծի`հրապարակված 7 գլուխների շուրջ քննարկումներին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
Նա հայտարարել է, որ կան որոշ կետեր, որոնց հետ անձամբ ինքը համաձայն չէ և քննարկելու է դրանք համապատասխան անձանց հետ: Բացի այդ, նրա կարծիքով, հասարակական-քաղաքական ուժերի բոլոր առաջարկները ներառող փաստաթուղթ ստեղծելու համար անհրաժեշտ է մասնակցել քննարկումներին: ՙՔաղաքական ուժերն իրենք են առաջարկել անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, 100%-անոց համամասնական ընտրահամակարգի, իսկ հիմա բոլոր այդ կետերը ներառված են նախագծում, իսկ նույն ուժերը դեմ են հանդես գալիս՚,- նշել է նա:
Միաժամանակ Սահակյանը չի կարողացել պատասխանել հարցին, թե արդյոք այդ բարեփոխումների անցկացման հասարակական պատվեր կա: ՙՄենք մոնիտորինգ ենք անցկացրել Լոռվա մարզում, որի արդյունքւոմ պարզ է դարձել, որ քաղաքացիները ցանկանում են տեսնել պատրաստի փաստաթուղթ, ինչից հետո կարծիք կհայտնեն՚,- ասել է նա:
Հիշեցնենք, որ գլխավոր նրամուծությունը Սահմանադրությունում անցումն է 100%-անոց համամասնական ընտրակարգի: Սահմանադրության նախագիծը հրապարակային քննարկման կներկայացվի մինչև հուլիսի վերջը: Չի բացառվում վերջինիս փոփոխում`ընդունելի առաջարկների դեպքում: Դրանից հետո նախագիծը ներկայացվելու է նախագահին, իսկ հավանության արժանանալուց հետո`Ազգային ժողովին: Հանրաքվեի օրը կնշանակվի խորհրդարանի կողմից Սահմանադրության նախագծի ընդունումից հետո



