Արմինֆո. Արցախում էթնիկ զտումները հնարավոր դարձան աշխարհի խայտառակ լռության պատճառով։ Այդ մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
<Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, որոնք հնարավոր դարձան մեր խայտառակ լռության պատճառով: Մենք չենք կարող մոռանալ այդ ողբերգությունը եւ պետք է շարունակենք պահանջել մեղավորներին պատասխանատվության ենթարկել, տուժածներին աջակցել եւ պաշտպանել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը", - գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից (Արցախի Հանրապետություն) սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին ։ Դրան նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախի ամիսներ տևած շրջափակումը (2022 թվականի դեկտեմբերի 12-ից), որը տարածաշրջանում առաջացրել է հումանիտար սուր ճգնաժամ, և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունները ։ Սեպտեմբերի 20-ին ԼՂՀ իշխանությունները համաձայնել են զինաթափել ԼՂՀ պաշտպանության բանակը և բանակցել: Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը դադարեցնելու և բոլոր պետական հիմնարկները լուծարելու մասին: 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, և որ այդ փաստաթղթի շատ մանրամասներ կան, որոնք ինքը չի կարող հրապարակել։ <Որևէ փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի ստեղծած Հանրապետությունը.Մենք պահպանել ենք մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքը: Եթե մենք մեկ ժամ ուշ կանգնեցնեինք պատերազմը, ապա ադրբեջանցիները կմտնեին քաղաք և կմորթեին բոլոր կանանց և երեխաներին", - հայտարարել է Շահրամանյանը ։