Արմինֆո. Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Սարգսյանը ուղերձներ են հղել Անկախության օրվա առթիվ:
Ավանդաբար հակիրճ ուղերձով է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանը։ <Հուսով եմ, որ մենք պատվով կանցնենք մեր պետության համար այս դժվարին ժամանակը։ Ռոբերտ Քոչարյան 21.09.2024 թ.>, - ասվում է նրա շնորհավորանքում:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախությունը, ինչպես և հաղթանակը, տրվում է արժանավորներին, նրանց, ովքեր, ձեռք բերելով այդ արժեքները պայքարում, զրկանքների գնով, կարողանում են նաև պահել դրանք:
<Ցանկացած ժողովրդի անկախությունը կկորսվի, եթե այն այդ ժողովրդի համար գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ: Փառք մեր բոլոր ընկածներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Անկախության:
Հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, առաջին հերթին, նշանակում է արժանի լինել հայրենիքին նվիրված նրանց սխրանքին և պատասխանատվություն ստանձնել նրանց սրբազան գործը շարունակելու համար: Աստված պահապան մեր հայրենիքին և մեր ժողովրդին>,- նշվում է Սերժ Սարգսյանի ուղերձում։
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ամբողջ սերունդներ իրենց կյանքը, հայացքներն ու ուժը նվիրել են անկախության երազանքին: Նրա խոսքով ՝ պետությունը կենսունակ է, երբ նրա գաղափարն ապրում է իր յուրաքանչյուր քաղաքացու մեջ, յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում և մտածելակերպում: "Դրա համար պետք է արժեվորել անցյալը, հստակ գիտակցել ներկայի իրողությունները և ունենալ ապագայի տեսլական", - նշել է Արմեն Սարգսյանը: