Արմինֆո. Հռոմում կայացել են Իտալիայի և Ադրբեջանի զինված ուժերի շտաբների պետեր Կավո Դրագոնեի և Քերիմ Վելիևի բանակցությունները:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Նշենք, որ Դրագոնեն վերջերս էր նշանակվել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Իտալիայի հետ խոշոր տրամաչափի զենք գնելու շուրջ: Բաքվի ցանկալի գնումների ցանկում են ուսումնամարզական ինքնաթիռներ, ինքնաձիներ, զենիթային ինքնագնաց կայանքներ, զենիթահրթիռային համալիրների մարտկոցներ, տրանսպորտային ինքնաթիռներ, դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 1-2 մլրդ եվրո ։