Արմինֆո. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է հարյուրամյակի լավագույն թիմ: Այդ մասին ասվում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) տարածած հաղորդագրությունում:
Հաղորդագրության համաձայն, Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրից առաջ Բուդապեշտի Intercontinental հյուրանոցում տեղի է ունեցել կարևոր իրադարձություն՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի 100 - ամյակին նվիրված գալա համերգ, որի ընթացքում հայտնի են դարձել լավագույն հավաքականները, լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները, լավագույն մարզիչները, շախմատային թեմաներ լուսաբանող լավագույն լրագրողները: "Վերջին հարյուրամյակի ընթացքում շախմատը զարգացել և բարգավաճել է, և այս երեկոն նվիրված է նրանց մեծարմանը, ովքեր ակնառու ազդեցություն են ունեցել այն խաղի վրա, որը մենք բոլորս սիրում ենք", - ասվում է հաղորդագրությունում:
"Մեկ մարտիկը լավ է, բայց եթե դուք ունեք հիանալի թիմ, կարող եք շրջել աշխարհը: Մինչ ԽՍՀՄ հավաքականը անպարտելի առաջատար էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց կատեգորիաներում օլիմպիադաներում նվաճած մեդալների քանակով, ժյուրին որոշեց ընտրել ներկայումս առաջատար երկիրը ՝ Հայաստանը, որը գերազանցել է մյուսներին՝ երեք անգամ հաղթելով օլիմպիադայում: Չինաստանը վերջին տասը տարիների ընթացքում երկու ոսկե մեդալ է նվաճել", - ընդգծվում է հաղորդագրությունում։
Հարյուրամյակի տղամարդկանց լավագույն հավաքականի մրցանակը հանձնվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանին: