Արմինֆո. Շվեյցարիայի խորհրդարանի Դաշնային Ժողովրդավարական միության ժողովրդական կուսակցության պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը 15 այլ պատգամավորների հետ միասին սեպտեմբերի 19-ին գրավոր հարցում է ուղարկել երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչներին՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ նրանց իրավունքների վերականգնման հարցի վերաբերյալ:
Խորհրդարանականի ուղերձում հիշեցվում է, որ սեպտեմբերի 19-ին լրացել է այն օրվա տարելիցը, երբ Ադրբեջանը հարձակվեց եւ 10-ամսյա շրջափակումից հետո տեղահանեց Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությանը:
"Այդ շրջափակումը հանգեցրել էր Լաչինի միջանցքով առաջին անհրաժեշտության ապրանքների (սննդամթերք, դեղորայք և այլն) մատակարարման բռնի խոչընդոտմանը ։ Ֆիզիկական և հոգեբանական ճնշումը դարձել էր անտանելի, և շատ հղի կանայք այդ պահին ստիպված են եղել սգալ իրենց երեխայի կորուստը: Ադրբեջանի արշավը լայնորեն դիտարկվում է որպես էթնիկ զտում կամ ցեղասպանություն, ինչպես նշել է Միջազգային դատարանի այն ժամանակվա դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ 2023 թվականի օգոստոսի իր զեկույցում", - ասվում է ուղերձում։
Այս համատեքստում հիշեցվում է, որ առնվազն 23 հայեր դեռևս պատանդ են պահվում Ադրբեջանի կառավարության մոտ, ավելին, ադրբեջանական իշխանությունները մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացման ծրագիր են գործարկել:
"Քանդվում են եկեղեցիներ, միջնադարյան գերեզմանոցներ և ամբողջ գյուղեր, որոնք պատկանել են հազարամյակներ շարունակ այնտեղ մշտապես բնակված հայերին ։ Չնայած այս վայրագություններին՝ միջազգային հանրությունն Ադրբեջանին չի ենթարկել պատժամիջոցների և որևէ պատասխանատվության։ Ընդհակառակը, անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանն ընտրվել է կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ - ի առաջիկա COP29 համաժողովի անցկացման վայր", - նշել են խորհրդարանականները։ Այդ կապակցությամբ նրանք դաշնային խորհրդից հետաքրքրվել են, թե արդյոք Շվեյցարիան ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ՝ իրենց հայրենիք վերադառնալու և այնտեղ ինքնորոշման իրավունքը իրացնելու իրավունքը։
Ավելին, նրանք խնդրել են պատասխանել, թե արդյոք շվեյցարական պատվիրակությունը մտադիր է COP29-ում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման եւ նրա բնակիչների վերադարձի իրավունքի հարցը:
Գործադիրի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին խորհրդարանի ամբիոնից պետք է պատասխանեն այս երկու հարցին։