Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը վայելում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը, Սենատի առաջիկա ընտրություններին ընդառաջ ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվների բռնագրավման և դրանք "Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին"փոխանցման մասին:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), hիմնադրամը պետք է ստեղծվի Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում Արցախից բռնի տեղահանված հայերին կորցրած եկամուտների փոխհատուցում տրամադրելու նպատակով:
Ադամ Շիֆը, ներկայացնելով օրինագիծը, հայտարարել է. " Ադրբեջանի շարունակական գործողություններն Արցախի ժողովրդի դեմ ստեղծել են հումանիտար աղետ և հավասարազոր են էթնիկ զտման: Մենք պետք է հասնենք այն բանին, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, իսկ Արցախի ժողովուրդը փոխհատուցում ստանա իր հսկայական կորուստների համար։ Իմ նախագիծը կապահովի արդարություն և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր կորցրել են ամեն ինչ՝ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով"։
Մեկնաբանելով օրինագիծը՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Հայ դատի հանձնախումբը սատարում է Շիֆի նախաձեռնությանը: Նրա խոսքով ՝ դա Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների առնչությամբ արդարության վերականգնման համարձակ նախաձեռնություն է:
Օրինագծի ընդունումն ապահովելու համար Հայ դատի հանձնախումբը տեղեկատվական արշավ է սկսել։
Շիֆի առաջարկած երկկուսակցական օրինագծի համահեղինակներ են նաեւ Կոնգրեսի հայկական խմբակցության համանախագահ Ֆրենկ Փալոնը եւ ներկայացուցիչներ Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, էն Էշուն, Ջոշ Գոտհայմերը, Դագ Լամալֆան, Սեթ Մագազիները, Ջեյմս Մաքգովերնը, Գրեյս Մենը, Քեւին Մուլինը, Գրեյս Նապոլիտանոն, Էլեոնորա Հոլմս Նորթոնը, Յան Շաքովսկին, Լինդա Սանչեսը, Բրեդ Շերմանը, Դինա Տիտուսը եւ Լորի Թրեհանը:
Նշվում է, որ նախաձեռնված օրինագիծը նպատակ ունի ստիպել Ադրբեջանի կառավարությանը փոխհատուցում տրամադրել էթնիկ զտումների ենթարկված հայերին, ինչպես նաև ստեղծել "Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամ"՝ կորցրած գույքն ու բիզնեսի եկամուտները փոխհատուցելու համար:
"Եթե Ադրբեջանը հրաժարվի, օրինագիծը թույլ կտա բռնագրավել Ադրբեջանի սուվերեն ակտիվներն ԱՄՆ-ում ՝ այդ վճարումներն իրականացնելու համար։
Ուշագրավ է, որ օրինագիծը հաստատում է Արցախի հայերի՝ իրենց սեփականությունը վերադարձնելու և տնօրինելու իրավունքները: Ակտիվների բռնագրավմամբ փոխհատուցումը չի ոչնչացնի հայկական սեփականությունը, երաշխավորելով, որ հայերը կկարողանան վերականգնել իրենց տներն ու ձեռնարկությունները։
Ներկայացնելով օրինագիծը՝ Շիֆն անդրադարձել է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրներին, ռազմագերիների ազատ արձակմանը և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը", - հաղորդել են Հայ դատի հանձնախմբից ։