Արմինֆո. Լեգենդար հայ ծանրորդ Նազիկ Ավդալյանի մասին պատմող "Մեդալի հակառակ կողմը" ֆիլմը կցուցադրվի Ամերիկայում: Սա առաջին հայկական սպորտային դրաման է, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը և սցենարիստը Աննա Մաքսիմն է, ով նաև գլխավոր դերակատարն է ֆիլմում:
Ֆիլմում ներկայացվում է մարզուհի Ավդալյանի կյանքի ծանր ուղին, ով, ավտովթարի հետևանքով լուրջ վնասվածք ստանալով, 7 տարով հեռացել է մեծ սպորտից: Այնուհետև, չնայած շրջապատի անհավատությանը, անմարդկային մարմնական ցավերին, Նազիկը վերադառնում է իր կյանքի գործին, դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն, դրանով իսկ ապացուցելով, որ եթե կա կամք և անկոտրում ոգի, անհնարին ոչինչ չկա:
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ Լոս Անջելեսի ՀԲԸՄ կատարողական արվեստի կենտրոնում:
Երևանում ֆիլմի դեբյուտային ցուցադրությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այնուհետև ֆիլմը ցուցադրվեց նաև Գյումրիում, որտեղ ծնվել է Նազիկ Ավդալյանը:
Նշենք, որ ֆիլմում ներգրավված են նաև Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը և այլոք: Բեմադրող օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչը ՝ Արմեն Ղազարյանը:-