
Ինքը ուստան բարձրացել էր վերև՝ լոբին ջրելու: Շարունակական բանակցություններից հետո ուստա-Մարգարն ի վերջո իջավ ներքև և զրույցը սկսվեց: «Ես ապրել եմ 84 տարի, որոնցից 70-ը կռիվ եմ տվել փայտի ու քարերի հետ: Ծնվել եմ Հարժիս գյուղում: Գորիսում հայտնվեցի անասնաբուժական տեխնիկում ընդունվելուց հետո: Ուսուցիչներիս մի ամսվա աշխատանքը վարձատրվում էր 8 կիլոգրամ ալյուրով այն ժամանակ, երբ մեկ աթոռի համար ատաղծագործներին վճարում էին 3 փութ ցորեն: Այդպես ես դարձա ատաղծագործ: Այն բանից հետո, երբ մորաքրոջս էլեկտրական քարե սալօջախ պետք եկավ, ես վերափոխվեցի քարտաշի: Դրանից հետո այդպիսի քարե շատ սալօջախներ ստիպված եղա պատրաստել»,- ժպտում է Խաչունցը:
17 տարեկանում ապագա վարպետը եկավ Երևան, որտեղ նրա առաջին աշխատանքը դարձավ Լենինի պողոտայում (այժմ՝ Մաշտոցի պողոտայում) գտնվող կոշիկի խանութի զարդաքանդակը: Այնուհետև ուստա-Մարգարի ձեռքերը զարդարել են Չարենցի անվան դպրոցի պատերը: «Իդեպ, նայեք մեր տան դարպասների կողքերի զարդանախշերը: Սա 65 տարի առաջվա աշխատանքիս կրկնօրինակն է»,- հպարտորեն ասում է վարպետը: «Մինչ ինձ դպրոցի պատերը շարում էր ուստա Թումասը, այսպես ասեմ, ոչ ամենալավ վարպետը: Նրա թեթև ձեռքով ինձ սկսեցին անվանել «գեղցի»: Երևի, այդ էր պատճառը, որ նա մուրճով կոտրում էր իմ կողմից մշակված պատկերներով քարերի անկյունները: Այդպիսով, ես առաջին անգամ առնչվեցի մարդկային նախանձին: Այնուամենայնիվ, հետո եղան Անասնաբուժական ինստիտուտը, հայտնի «Ձկան խանութը», Հանրապետական մարզադաշտը և այլ շինություններ Երևանում...
Խոսակցությունը վարպետի խնդրանքով շարունակում ենք դարպասներից դուրս, չմշակված քարերի կույտի մոտ, որոնք ուստա-Մարգարի ձեռքերի տակ աստիճանաբար վերածվում են գերեզմանների ցանկապատների: «Գորիսի գերեզմանատան գերեզմանաքարերի կեսից ավելին պատրաստված է իմ ձեռքերով: Ես եմ ստեղծել շրջանի գյուղերի երևի թե կեսում գտնվող հուշարձանները՝ նվիրված Հայրենական և Ղարաբաղյան պատերազմներում զոհված մեր հերոսների հիշատակին: Երբեք ձեռքս զենք չեմ վերցրել, միայն գործիքներ: Չգիտեմ դա լավ է թե ոչ, իմ մասնակցությունը պատերազմներում արտահայտվել է միայն նման ձևով, նույնիսկ երբ Գորիսի փողոցներում ամեն օր պայթում էին Կուբաթլուից եկող ռումբերը », - գլխով է անում ուստա-Մարգարը: Այսօր փողոցը, որտեղ ապրում է վարպետը, գտնում են նրա անունով: Ամեն ոք Գորիսում նրան գիտի, չնայած որ անցյալ տարվանից սկսած ուստան պատվերներ չի ընդունում: «Հոգնել եմ: Իսկ ո՞ւմ է պետք հոգնած մարդը»: Սակայն վերջնականապես բաժանվել իր գործիքներից տարեց վարպետը չի կարողանում: Ցույց տալով գերեզմանաքարը, ասում է՝ պապիկիս ու տատիկինս են.... Ահա որոշել եմ թարմացնել նրանց գերեզմանաքարերը. մարդը պարտավոր է հարգել սեփական անցյալը: «Չնայած ինչո՞ւ միայն անցյալը, նախ և առաջ, ինքդ քեզ: Չես սիրում աշխատանքդ, ավելի լավ է չփորձես էլ այն կատարել», - թափահարում է մուրճը տարեց վարպետը:
Մարգար Խաչունցը ունի երեք որդի, դուստր և յոթ թոռներ: Մեծ որդին ապրում է Թբիլիսիում, փոքրը՝ Կապանում, միջնեկը կնոջ հետ դեռ Լուգանսկում է, չնայած նրա տղաները՝ վարպետի թոռները, ուկրաինական ճգնաժամից հետո տեղափոխվեցին Վոլգոգրադ և Ստավրոպոլ: Նրա բոլոր երեխաները, ինչպես խոստովանեց վարպետը, ավելի լավ վարպետներ են, քան ինքը: Մեծ որդին քանդակագործ է, երկրորդը՝ թիթեղագործ, փոքրը ատամնաբույժ է: «Հարցնում եմ Լուգանսկի ռումբերի տակ ապրող որդուս, թե ինչու չի վերադառնում: Ասում է, որ չի կարող թողնել իր տները և մնացած ունեցվածքը այնտեղ: Բայց ես, միևնույն է, երազում եմ նրանց վերադարձի մասին: Չէ՞ որ ես այստեղ ամեն ինչ ունեմ՝ կարտոֆիլ, լոբի, թութ, մրգեր, կանաչի: Ոչինչ պետք չի անել, միայն հավաքել դրանք: Պետք է գոնե մեկը այստեղ ապրի և օգտվի այս ամենից: Իսկ օգտվում ենք միայն մենք՝ պապն ու տատը»: Ուստա-Մարգարի կյանքի ամենաերջանիկ օրը եղել է այն օրը, երբ ինքը կարողացավ օգնել իր ամենալավ ընկեր Ռադիկին, ում պատվին էլ կոչել է իր առաջնեկին:
Վարպետը այդ հեռավոր 1949-ի դեկտեմբերին ապրում էր Երևանում: Ռադիկը Ժող-տնտեսական ինստիտուտի մշտապես սոված ուսանողներից էր, իսկ հացը դեֆիցիտ էր: «Իմ խնդրանքով բարեկամներիցս մեկը, ով մոտակայքում հացի փռում էր աշխատում, ամեն օր իմ ուսանող ընկերոջը մի հատ հաց էր տալիս: Իսկ ես պարզապես ուրախ էի, որ կարողացա օգնել ընկերոջս»: Ռադիկը համակուրսեցիների հետ լողանալիս խեղդվել է Գետառ գետում: Այն , որ նրան ոչ ոք չի օգնել, ուստա-Մարգարը բացատրում է նախանձով. Ռադիկը Ժողինստիտուտի լավագույն ուսանողներից էր: «Եղիր շատ զգույշ, տղաս: Բարի, տաղանդավոր, արարող մարդը միշտ դառնում է նախանձի օբյեկտ: Չգիտեմ, ինչպես մյուս ազգերի մոտ, հայերի մոտ տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել», - ասում է վարպետը:
Այդպիսի ընկերներ, ինչպիսին էր Ռադիկը, վարպետը այլևս չի ունեցել, ոչ հայ, ոչ ադրբեջանցի, որոնցից շատերի հետ ինքը ընկերություն է արել Լաչինում աշխատելու տարիներին: Նրանցից լավագույնի անունը Սեյմուր էր: «Նա ուզում էր հոր համար Լաչինի լավագույն գերեզմանաքարը դնել: Գորիսում ոչ ոք չկարողացավ դա անել: Ոչ ոք, բացի ինձնից: Տեսնելով պատրաստի շիրմաքարը գերեզմանի վրա՝ Սեյմուրը գրկում էր ինձ, խցկում լրացուցիչ փողեր: Ես ոչ միայն դրանք չվերցրեցի, այլ նաև ավելացրի զարդանախշեր»,- ասում է վարպետը: Դրանից հետո Սեյմուրի և ուստա-Մարգարի ընտանիքների բոլոր տոներն ու հարսանիքները նշվում էին միասին: «Հիշում եմ, երբ նա առաջարկեց ինձ ընկերություն անել, ես ասեցի՝ ի՞նչ ընկերներ պիտի մեզանից դուրս գան: Ադրբեջանցիները միշտ խաբել են հայերին, մի օր էլ դու կխաբես: Միայն տարիները ինձ ստիպեցին հասկանալ սխալս: Հատկապես, երբ մեզ բաժանեց պատերազմը», - հոգոց է հանում վարպետը: Այսօր ուստա-Մարգարը վստահ է, որ մեղադրել հայերի դժբախտություններում ոչ միայն ադրբեջանցիներին, այլ նաև հարևան որևէ ժողովրդին, ճիշտ չէ, քանի որ հայ ժողովուրդը բաժանվել է սահմաններով իր իսկ մեղքով: Ազգը կորցրել է իր արմատները մի օրում, երբ հայը, թողնելով հայրենիքը, փռվեց աշխարհով մեկ՝ փնտրելով իր երջանկությունը, այլ ոչ այն օրը, երբ Հայաստան ոտք դրեց առաջին զավթիչը: Այսօր էլի իրավիճակը չի փոխվել, ամենալավերը շարունակում են հեռանալ երկրից՝ գերադասելով զարգացնել օտար երկրները, այլ ոչ հայրենիքը:
Այդպիսով, վարպետը վստահ է, որ հայերին պետք է իրենց խնդիրների արմատները փնտրել ոչ թե հարևաններում, այլ իրենք իրենց մեջ: «Ադրբեջանցիների հետ կոնֆլիկտներ մենք նախկինում էլ ենք ունեցել, բայց մեզ հաշտեցրեց խորհրդային իշխանությունը: Վերացավ խորհրդային իշխանությունը, վերացավ և հաշտությունը: Մեզ, իդեպ, արժե շատ բաներ նրանցից սովորել: Դեռ փոքր տարիքից զարմանում էի՝ տեսնելով, ինչպես է մի ողջ ադրբեջանական գյուղ ենթարկվում մի ծերունու: Մեզ մոտ երբեք նման բան չի եղել...
Մենք պիտի ճանապարհ տանք լավագույններին, այլ ոչ թե խոչընդոտենք, որպեսզի զբաղեցնենք նրանց տեղը՝ առանց դրան արժանի լինելու: Պետք է հանգստացնել մեր միջի նախանձը, որը վնասում է առաջին հերթին մեզ, և նոր նրանց, ում մենք նախանձում ենք: Միայն այդպես մենք կարող ենք զարգանալ և հանել երկիրը այժմյան վիճակից: Ինձ իրավունք է տալիս վստահ լինել դրանում իմ կյանքի փորձը:»