Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին։
Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերին ու համատեղ նախատեսվող նախաձեռություններին առնչվող մի շարք հարցեր։
Զրույցի առանցքում են եղել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, հեղեղումների հետևանքով տուժած անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացները։
Կողմերը դիտարկել են նաև համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև թիրախային այլ խմբերի աջակցության ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև պետության խնամքին ապրող ավագ սերնդի ներկայացուցիչներին մատուցվող ծառայություններին, դրանց որակի բարելավմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներին։
Կողմերը համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերին անդրադառնալ աշխատանքային քննարկումների շրջանակում։