Արմինֆո.Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում քննարկվելու Է Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վատթարացումը:
Ինչպես հաղորդում է Turan-ը, այդ հարցը նստաշրջանի օրակարգում նախապես ներառվել է սեպտեմբերի 30-ի առաջին իսկ օրը. "հրատապ քննարկում Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացում" ձևակերպման ներքո ։ (Urgent procedure debate: <Deteriorating situation of human rights, rule of law and democracy in Azerbaijan>:
Քննարկումների արդյունքում կարող են ընդունվել հանձնարարականներ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին՝ կազմակերպության առջև պարտավորությունները չկատարելու համար Ադրբեջանի դեմ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Նստաշրջանում կշնորհվի նաև Վացլավ Հավելի անվան մրցանակ, և երեք թեկնածուներից մեկն անազատության մեջ գտնվող ադրբեջանցի ակտիվիստ Ակիֆ Գուրբանովն է:
Ինչպես նշում են դիտորդները, Ադրբեջանի և ԵԽԽՎ-ի հարաբերություններում նոր սրացում է տեղի ունեցել այն բանից հետո, երբ Բաքուն արգելել է այն պատգամավորների մուտքը երկիր, որոնք այս տարվա հունվարին քվեարկել էին երկրի պատվիրակության լիազորությունների դադարեցման օգտին: Նախագահ Իլհամ Ալիևը, մեկ շաբաթ առաջ ելույթ ունենալով Իտալիայում կայացած խորհրդաժողովում, հայտարարել է, որ արգելքը կարող է հանվել միայն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների վերականգնումից հետո: Այդ կապակցությամբ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն Բաքվին կոչ է արել չփորձել շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին, այլ կատարել այդ կազմակերպության հանդեպ իր պարտավորությունները, հաղորդում է Turan-ը: