Արմինֆո. Անցյալ տարվա մարտին թատրոնի և կինոյի ռուս ականավոր դերասանուհի Չուլպան Խամատովան առաջին անգամ Երևանում ներկայացրեց իր "Օրփեոս" երաժշտական ներկայացումը՝ տավղահար Ալեքսանդր Բոլդաչովի հետ միասին:
Երաժշտական ներկայացումը բացվել է ամենահին մեղեդիով' հուրիտական հիմնով, որը գրվել է ավելի քան 3 հազար տարի առաջ այն ժամանակվա 13 լարանի տավղի համար: Այդ մեղեդին, Ալեքսանդր Բոլդաչովի ասելով, հայտնաբերվել է հենց Հայկական լեռնաշխարհում։
Երեկոյի ընթացքում Չուլպան Խամատովան ընթերցել է Մարինա Ցվետաևայի, Բորիս Պաստեռնակի, Օսիպ Մանդելշտամի, Բելլա Ախմադուլինայի, Բուլատ Օկուջավայի, Յուրի Լևիտանսկու, Վերա Պոլոզկովայի, Վերա Պավլովայի և Յուրի Շևչուկի բանաստեղծությունները՝ Բախի, Բեթհովենի, Շուբերտի, Գլյուկի, Դեբյուսիի, Ռախմանինովի, Չայկովսկու, ինչպես նաև հենց Ալեքսանդր Բոլդաչովի երաժշտության ներքո: Դերասանուհուն շատ ջերմ են ընդունել Երևանում, Ա . Խաչատուրյանի անվան համերգասրահը լեփ-լեցուն էր։
Անցել է ավելի քան մեկ տարի, և կրկին Ա . Խաչատուրյանի անվան համերգասրահն իր դռները կբացի Չուլպան Խամատովայի հեղինակային երկրորդ ներկայացման ՝ "Երազներ ռոյալի մասին" մենախոսության առջև: Դերասանուհին լատվիացի հայտնի դաշնակահար Անդրեաս Օսոկինի նվագակցությամբ կընթերցի Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Բուլատ Օկուջավայի, Մարինա Ցվետաևայի, Վերա Պոլոզկովայի ստեղծագործությունները։
<Բեմում միայն կին է, երաժշտություն, լույսի ճառագայթ և պոեզիա: Բարու, ազատության, կյանքի արժեքի և գթասրտության, խաղաղության մասին", - ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրությունում։
Նշենք, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին: