Արմինֆո.Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել ՀՀ դատախազության և Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության ստորագրման առաջարկությանը:
Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը` ԵՄ անդամ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է, որն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։
Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև հաղորդակցությունը և համագործակցությունն իրականացնելու նպատակով: Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ Համագործակցության հարցերով մագիստր: Եվրաջասթն ունի իրավասության լայն շրջանակ անդրազգային հանցավորության դեմ պայքարում, հետևաբար Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նախաձեռնված քրեական վարույթներով Եվրոպական միության անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել արդյունավետ համագործակցություն, իսկ ՀՀ դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում կնպաստի անհրաժեշտ հաղորդակցման արագությանն ու ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին:
Ըստ այդմ՝ մշակվել է նաև Համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» մասին փաստաթուղթը:
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, աշխատակարգ-միջազգային պայմանագիրը նախատեսվում է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազի, Եվրաջասթի նախագահի և ՀՀ արդարադատության նախարարի կողմից սեպտեմբերի 23-ին՝ Եվրաջասթի նախագահի Հայաստան այցի շրջանակում:
Արձագանքելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ խոսքն իրավական օգնության շրջանակում քրեական վարույթի ընթացքում երրորդ երկրներ ուղարկվող իրավական օգնության հարցումների և տարբեր տվյալների հայցման մասին է, որոնք պաշտպանված են անհատական տվյալների պաշտպանության գործիքակազմով, այդ պատճառով դրանք չեն հրապարակվում, բայց օգտագործվում են քրեական վարույթների շրջանակում: Ըստ Աննա Վարդապետյանի՝ Հայաստանը ԵՄ անդամ երկիր չհանդիսացող երրորդ երկրների շարքում 13-րդն է, որը ստորագրել է համաձայնագիրը: Մինչև Հայաստանի անդամակցությունը Եվրաջասթին անդամակցել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և այլ երկրներ:
Աննա Վարդապետյանը նշել է, որ մինչ այդ ոչ ֆորմալ ձևաչափով են համագործակցել Եվրաջասթի հետ և ընդհանուր 68 հարցում են ուղարկել: Ըստ Գլխավոր դատախազի՝ հարցումներն ուղարկում են ԵՄ անդամ երկրներին և Եվրաջասթի միջոցով ապահովում հարցումների հետագծելիությունը: «Իրավական օգնության շրջանակում քրեական վարույթի ընթացքում մենք երրորդ երկրներ ուղարկում ենք իրավական օգնության վերաբերյալ հարցումներ, որոնցով տարբեր տվյալներ ենք հայցում, որոնք օգտագործում ենք տարբեր քրեական վարույթների շրջանակներում»,-ասել է Աննա Վարդապետյանը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հնարավորություն է ստանալու ոչ միան անդրսահմանային, այլ նաև ներքին վարույթներով, ըստ անհրաժեշտության, տեղեկություններ ստանալու ԵՄ իրավական և ոչ միայն իրավական ցանցերից: