Արմինֆո.Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր, Տավուշի մարզպետի հարազատ եղբայրը՝ Վահե Ղալումյանը, չի կարդացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը: Այդ մասին սեպտեմբերի 11-ին նա հայտարարել է ԱԺ-ում՝ լրագրողներին։
Լրագրողները հարցրել են, թե ինչու չի կարդացել, <ժամանակի թե ցանկության բացակայության պատճառով>, որին նա պատասխանել է. <Ցանկություն կա, ժամանակ չկա>:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տեքստի 10-րդ խմբագրությունը և սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին: Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ներառում է 16 կետ, որոնցից 13 - ն ամբողջապես համաձայնեցված են։ Մինչդեռ, ընդդիմությունը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրով Հայաստանը խաղաղության չի հասնի, քանի որ դրանում ներառված չեն գերիների վերադարձի, Ադրբեջանի կողմից բռնազավթված ՀՀ ինքնիշխան տարածքների ազատագրման և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար կենսական նշանակություն ունեցող շատ այլ ասպեկտներ, ինչի պատճառով փաստաթուղթը սոսկ Բաքվին Երևանի միակողմանի զիջումների ամրագրում է։