Արմինֆո. Միջազգային նորմերի հիման վրա համաշխարհային հիմքերի վերականգնումը և դրա լեգիտիմության ամրապնդումը միակ ճիշտ ճանապարհն է, որը կարող է ապահովել գլոբալ անվտանգության և զարգացման օրակարգի առաջխաղացումը: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ "Երեւանյան երկխոսություն" համաժողովի շրջանակում։
<Բայց երբ առանձին անհատներ, պետություններ, միջազգային կորպորացիաներ, հասարակական կազմակերպություններ ապրում են սեփական ճշմարտությամբ առաջնորդվելով, ինչպե՞ս գալ ընդհանուր հայտարարի և անկոտրում ճշմարտության: Երկխոսություններով> ,- նշել է նախարարը։
Նա ընդգծել է, թե ոչ մի վստահություն չկա, որ երկխոսությունը կերաշխավորի հաջողություն, բայց երկխոսության բացակայությունն անպայման կհանգեցնի ճգնաժամի խորացմանը: Միրզոյանը նշել է, որ սա է Հայաստանի մոտեցումը։ < Շարունակել երկխոսությունը, նույնիսկ, ամենաբարդ իրավիճակներում, հանգել համակեցության ընդհանուր կանոնների, դրանց նկատմամբ հարգանքի, առնվազն, լինել միմյանց նկատմամբ հանդուրժող և հնարավորության դեպքում փոխշահավետ համագործակցել: Այդ մոտեցումը մենք որդեգրել ենք երկարաժամկետ խաղաղության հասնելու համար", - ասել է Միրզոյանը։
Հղում անելով Մարտին Լյութեր Քինգի այն արտահայտությանը, որ "իրական խաղաղությունը, պարզապես, լարվածության բացակայություն չէ, դա արդարության ներկայություն է", Միրզոյանն ընդգծել է, որ այսօր իսկապես անհրաժեշտ են կայուն արդար լուծումներ, որոնք պահանջում են հաստատուն քաղաքական կամք եւ վճռականություն: "Հայաստանը, չնայած բոլոր դժվարություններին եւ մարտահրավերներին, ցույց է տվել եւ դրսեւորում է կամք եւ վճռականություն", - ասել է ԱԳ նախարարը:-