Արմինֆո.Աշխարհահռչակ թավջութակահար և Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը մենահամերգով հանդես կգա Երևանում: Ինչպես հաղորդել է համերգի կազմակերպիչների մամուլի ծառայությունը, երեկոյի հատուկ հյուրը կլինի նաև հայտնի դաշնակահար Գեորգի Չաիձեն:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 19: 00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգի ծրագրում ընդգրկված են Շումանի, Մենդելսոնի, Կոմիտասի, Ցինցաձեի, Պիացոլայի ստեղծագործությունները: «Հայ ունկնդրի հետ յուրաքանչյուր հանդիպում իսկական տոն է ինձ համար՝ լի մեծագույն պատասխանատվությամբ: Ես անհամբեր սպասում եմ հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը ինձ համար շատ թանկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Իմ շատ լավ բաարեկամ, փայլուն դաշնակահար Գեորգի Չաիձեի հետ հետաքրքիր ծրագիր կներկայացնենք: Վերջերս մեզ հաջողվեց ելույթ ունենալ Հունաստանում, և ես շատ եմ գնահատում մեր համագործակցությունը։ Վստահ եմ, որ հայ հանդիսատեսը նույնպես անտարբեր չի մնա այս համերգի նկատմամբ", - կիսվել է Նարեկ Հախնազարյանը։
Ըստ աղբյուրի, երիտասարդ երաժիշտը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների է արժանացել. Արամ Խաչատրյանի անվան մրցույթի 1-ին մրցանակ (Երևան, 2006), Յոհանսենի միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (2006), երիտասարդ համերգային կատարողների միջազգային լսումների 1-ին մրցանակ (2008) և այլն: Բացի այդ, Հախնազարյանը եղել է BBC New Generation Artist ծրագրի մասնակից, ինչպես նաև ընդգրկվել է Վիեննայի Կոնցերտհաուսի "Մեծ տաղանդներ" համերգաշարում:
Նարեկ Հախնազարյանի վարպետության մասին են խոսում նաև առաջատար երաժշտական պարբերականների արձագանքները. "Շլացուցիչ փայլ "( The Strad), "Ավելի քան հիասքանչ "(San Francisco Chronicle), "Գործիքի անհավանական տիրապետում " (La Times): 2017 թվականին նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:
Նարեկ Հախնազարյանը հանդես է եկել այնպիսի անվանի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Orchestre de Paris, London Symphony, London Philharmonic, Rotterdam Philharmonic, Frankfurt Radio, Berlin Konzerthaus, Royal Stockholm Philharmonic, Chicago Symphony, LA Philharmonic, Pittsburgh Symphony, Sydney Symphony, Seoul Philharmonic, NHK Symphony (դիրիժորներ՝ Գերգիև, Կոպման, Էլսոպ, Լինտու, Սոխիև, Ռոբերտսոն, Հոնեկ, Նոսեդա, Նետոպիլ և այլն):