Արմինֆո. ԱԺ ընդդիմադիր խմբակցության մի շարք պատգամավորների թույլատրվել էր ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 7-րդ և 8-րդ խմբագրություններին, սակայն, Բաքվի բացասական արձագանքից հետո հասանելիությունն արգելափակվել է: Այդ մասին սեպտեմբերի 10-ին խորհրդարանում հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պետական գաղտնիքի ոչ պատշաճ պահպանման համար վարչական պատիժ սահմանելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։
"Ընդդիմության 4 պատգամավորներ հայտ են ներկայացրել եւ թույլտվություն ստացել ծանոթանալու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի տեքստին, այնուհետեւ Ադրբեջանում աղմուկ է բարձրացել, որ ընդդիմադիր ռեւանշիստներին թույլ են տվել ծանոթանալ այդ տեղեկատվությանը, եւ մեզ արգելել են դա անել", - հայտարարել է Արթուր Խաչատրյանը:
Նա ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե արդյոք կա որևէ կանոնակարգ, որը կկարգավորում է տվյալ իրավահարաբերությունները: «Եթե այդ փաստաթղթերի հասանելիությունը դուրս էր գալիս գաղտնիության մեր հասանելիությունից, ապա այն անձը, ով մեզ հասանելիություն էր տրամադրել այդ փաստաթուղթին, պետք է պատժվեր: Եթե մենք, ծանոթանալով այդ փաստաթղթերին, կազմակերպեինք արտահոսք, խախտեինք օրենսդրությունը, մենք պետք է պատիժ կրեինք։ Եթե կա մարդ, ով դա թույլ էր տվել, իսկ հիմա թույլ չի տալիս, նա պետք է պատժվի, որովհետև դա կամայականություն է", - հայտարարել է պատգամավորը։
Ի պատասխան՝ ԱԱԾ փոխտնօրենը միայն նշել է, որ ՀՀ օրենսդրությունն, ըստ էության, կարգավորում է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հասանելիության հետ կապված իրավահարաբերությունները: