Արմինֆո. Իրանը հանդես է գալիս միջազգային սահմանների անփոփոխության օգտին, չի ընդունում որեւէ աշխարհաքաղաքական փոփոխություն, ինչպես նաեւ աջակցում է իր հարեւանների տարածքային ամբողջականությանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:
Շնորհակալություն հայտնելով իրանական կողմի հստակ դիրքորոշման համար՝ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև սահմանը բարեկամության և խաղաղ համակեցության սահման է: "Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, եւ ոչ մի ուժ չի կարող խզել Իրանի եւ Հայաստանի միջեւ տարածքային կապը", - ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը: Նա հայտարարել է, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում վերահսկվելու է նրա ներքին ինստիտուտների կողմից և ընթանալու է ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո: Այդ առնչությամբ Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս իր տարածքում ցանկացած ապաշրջափակման դեմ ՝ "միջանցքային տրամաբանության" շրջանակում։
Ինչպես ասվում է Հայաստանում Իրանի դեսպանատան թվիթերյան (X) միկրոբլոգում, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրներ:-