Արմինֆո.Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն երկրորդ բաց նամակն է հղել աշխարհասփյուռ հայությանը, որում մատնանշել է Հայաստանի համար երեք առանցքային փոխկապակցված խնդիրներ:
Նրա ասելով, նախ, Հայաստանը շարունակում է վտանգի տակ մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին։
Երկրորդ, նրա խոսքով, հստակություն չկա, թե ինչպես 2023 թվականի ցեղասպանության զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կկարողանա անվտանգ վերադառնալ իր հող։ Եվ, երրորդ, ըստ Օկամպոյի, Բաքվի բանտերում մինչ օրս պահվում է 23 հայ պատանդ։
Այնուհետև իրավապաշտպանը հիշեցրել է, որ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 գագաթնաժողովը՝ "COP հանուն խաղաղության" խորագրով։
"Եթե հայերը չազատվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անտեսվի COP29-ի պատվիրակների կողմից, ապա նախագահ Ալիևը հզոր ազդակ կստանա ողջ Հայաստանն օկուպացնելու իր աշխարհաքաղաքական հավակնությունների հետագա մեծացման համար: Նման սցենարը ոչ միայն կհերքի Լեռնային Ղարաբաղի ցեղասպանությունը եւ առիթ կհանդիսանա պատանդներին երկարատեւ բանտարկության դատապարտելու համար, այլեւ ողջ համայնքը կվերածի անցյալի մոռացված վերապրուկի, ինչպես նաեւ կմեծացնի սպառնալիքները հենց Հայաստանի համար", - կարծում է Օկամպոն։
Միաժամանակ, նա ընդունել է, որ Հայաստանի իշխանությունները շատ բարդ բանակցություններ են վարում, եւ համոզմունք է հայտնել, որ հայերը Հայաստանում եւ Սփյուռքում, ինչպես նաեւ ցեղասպանությամբ եւ պատերազմներով մտահոգ մարդիկ պետք է հարգեն այդ ջանքերը ՝ բարձրացնելով այդ խնդրի մասին իրազեկման մակարդակը եւ համախմբելով բոլոր հայերին՝ պաշտպանելու ժողովրդին եւ հողը:
"Եվ դա տեղի է ունենում, ողջ աշխարհի հայերը սկսել են արշավներ իրականացնել։ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանն օգոստոսի 23-ին դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ խնդրելով ապահովել Ադրբեջանում պահվող բոլոր հայերի ազատ արձակումը: Նա մտահոգված է, որ Բլինքենի խոսքերը "աննկատ են մնացել և այսուհետեւ էլ կշարունակեն անտեսվել":
Վերջին մեկ ամսվա ընթացքում թվային ֆորումներում և սոցիալական ցանցերում միավորվել են հազարավոր մարդիկ ավելի քան 30 երկրներից, որոնցից շատերը հայկական ծագում ունեն: Նրանց միավորել են նույն հեշթեգերը. : #COP29, #StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages, #FreePoliticalPrisoners:
Ժամանակն է ընդլայնել շարժումը և այն կապել ողջ աշխարհում որոշում կայացնողների հետ: Ալիևի զոհ են ոչ միայն հայերը, նա ազդում է շրջակա միջավայրի, Ադրբեջանի քաղաքացիների և, նույնիսկ, եվրոպացի պատգամավորների վրա: Ռեժիմը ոչ մեկին չի խնայում՝ ճնշելով լրագրողներին, գիտնականներին, ցանկացած այլախոհի", - գրել է Օկամպոն։
Նա նաև հիշեցրել է, որ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական ռեժիմն արգելել էր 26 երկրների 76 եվրոպացի խորհրդարանականների մուտքն Ադրբեջան ՝ կոռուպցիայի բացահայտման համար:
"Հաջորդ քայլը կլինի COP29-ի պատվիրակներից պահանջել իրենց ձայնը բարձրացնել այդ հարցերի շուրջ, այդ թվում ՝ Ալիևի կողմից հանածո էներգետիկայից իր եկամուտների "կանաչ լվացման", Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության, Եվրոպայում և ԱՄՆ-ում քաղաքական համակարգի կոռումպացման, ինչպես նաև Բաքվում քաղբանտարկյալների և հայ պատանդների վերաբերյալ։
Ուրախ էի Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի և Ճշմարտության ու արդարության կենտրոնի կողմից սեպտեմբերի 9-ին Հայաստան այցելելու հրավեր ստանալու համար: Դա բացառիկ հնարավորություն կլինի հանդիպելու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և հստակեցնելու ընդհանուր ռազմավարությունը։ Հայեր, եկեք պաշտպանենք Հայաստանը և աշխարհը հասցնենք իսկապես խաղաղ COP29-ի", - ամփոփել է իրավապաշտպանը: