Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախկին խոսնակ, այժմ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով լսումները:
Դատարանը սկսել է տուժողի հարցաքննությունը։ Դատավորի որոշմամբ այդ գործընթացն ընթանում է դռնփակ ռեժիմով։ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերը։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մարզիկ Թորգոմ Ասատրյանին, ով, ի դեպ, մերժում է իրեն մեղսագրվող գործողությունները: Անցյալ տարվա փետրվարից նա կալանքի տակ է։
2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո, բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել էին Հայաստանի կառավարության շենք և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ցուցարարները հարձակվել են նաև այն ժամանակվա ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի վրա և ծեծի ենթարկել նրան, այս գործով ձերբակալվել էր երկու մարդ: Մեղադրյալներից մեկի դեմ գործն ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրող կողմի՝ Թորգոմ Ասատրյանը, տեղեկանալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման և Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու մասին, 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը ուղևորվել է խորհրդարանի շենք, որտեղ այդ պահին զանգվածային անկարգություններ էին տեղի ունենում։ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում տեսնելով Արարատ Միրզոյանի մեքենան՝ Թորգոմ Ասատրյանը միացել էր անկարգությունների մյուս մասնակիցներին, ովքեր կանգնեցրել էին մեքենան, դուրս քաշել Միրզոյանին և սկսել ծեծել նրան՝ ոտքերով հարվածներ հասցնելով Միրզոյանի գլխին: Արդյունքում՝ Միրզոյանը հոսպիտալացվել էր անգիտակից վիճակում՝ բազմաթիվ կոտրվածքներով և այլ մարմնական վնասվածքներով, պահանջվել էր վիրահատական միջամտություն։