Արմինֆո.Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր:
Ինչպես հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-24-ը կայանալիք փառատոնի ընթացքում ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը և Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը:
«Փառատոնային օրերին սիրով կսպասենք բոլորիդ՝ միասին վայելելու սիմֆոնիկ երաժշտության տոնախմբությունը: Համերգների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է», - ասվում է հաղորդագրությունում: