Արմինֆո. ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությունը Երևանի և Բրյուսելի բացառիկ իրավասության ներքո գտնվող հարց է, հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով Հայաստանում ԵՄ սահմանային առաքելության գործունեությունը դադարեցնելու Բաքվի կոչին:
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին հայտարարել էր, թե՝ "հաշվի առնելով, որ երկու պետությունների միջև [սահմանի սահմանազատման] գործընթացը ընթանում է խաղաղության, փոխըմբռնման պայմաններում, անհրաժեշտություն չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը գործի Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի սահմանի մոտ: Ժամանակն է դադարեցնել այդ առաքելությունը":
"Թե որքան, ինչ ժամկետով և ինչ թվով պետք է Եվրամիության դիտորդները ներկա գտնվեն Հայաստանում, պետք է որոշենք միայն մենք և Եվրամիությունը։ Երբ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, երբ ավարտվի սահմանազատման գործընթացը, երբ խաղաղություն տիրի տարածաշրջանում, ապա, հնարավոր է, դիտարկման անհրաժեշտություն չլինի։ Բայց հիմա այդ հարցը չի քննարկվում", - նշել է Խանդանյանը։
Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման ձևաչափին, ապա, Խանդանյանի ասելով, նման հարց չի քննարկվել: «Հնարավոր է՝ փաստաթուղթն ստորագրեն երկկողմ ձևաչափով, հնարավոր է՝ երրորդ գործընկեր երկրի ներկայությամբ», - հավելել է նա ։