Արմինֆո.ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի կիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի տեսակետը, թե՝ Հայաստանը մի քանի կարևոր պահ հանել է խաղաղության համաձայնագրի նախագծից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի հերթական տարբերակը Հայաստանին ներկայացվել էր հունիսի 24-ին, պաշտոնական Երևանը 70 օր անց Բաքվին վերադարձրել էր իր տարբերակը: Առաջարկությունների փաթեթի բոլոր կետերը ճակատագրական հարցեր են, նշել էր նա։ «Սակայն հայկական տարբերակին ծանոթանալիս պարզեցինք, որ տեքստից, պարզապես, հանվել են այն պահերը, որոնց շուրջ կողմերը նախկինում չէին պայմանավորվել։ Հայաստանում կարծում են, թե այդ կերպ կարելի է հարցը լուծել։ Ադրբեջանը կներկայացնի պատասխան առաջարկներ», - ասել էր ադրբեջանցի նախարարը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նաև հայտարարել էր, որ հայկական կողմը պետք է հարցին ավելի լուրջ վերաբերվի:
"Ես նման գնահատական չէի տա, հաշվի առնելով, որ գործընթացն ընթանում է, Հայաստանը փոխանցել է խաղաղության պայմանագրի իր հերթական՝ 10-րդ փաթեթը, այստեղ մենք կարեւոր քայլ ենք արել, եւ պայմանագրում թողնելով գրեթե համաձայնեցված բոլոր հոդվածները, մենք Ադրբեջանին առաջարկում ենք ստորագրել այն", - սեպտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խանդանյանը:
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի բոլոր առանցքային պահերը համաձայնեցված են, եւ «դրանք նույնպես շատ կարեւոր են բովանդակության տեսանկյունից»։ Դա, ինչպես կարծում է խորհրդարանականը, թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ "Հիմա գնդակն Ադրբեջանի կողմում է, և նա պետք է պաշտոնապես արձագանքի դրան ։ Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ այն, ինչ ուղարկել է Հայաստանը, համաձայնեցված է եղել։ Հարցը փաստաթուղթը ստորագրելու Բաքվի քաղաքական կամքի առկայությունն է", - ասել է նա։
Անդրադառնալով ՀՀ բանակի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ Բաքվի պահանջներին, ինչպես նաև խաղաղության պայմանագրում նման կետի հնարավոր ներառմանը, ինչի հետ կարող է կապված լինել նաև կողմերի հակասությունը, պատգամավորը նշել է, որ սեփական պաշտպանական կարիքների բավարարման և խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի գործողությունները ինքնիշխան լուծում են, և մյուս կողմերը չեն կարող ստիպել կամ պահանջել, որ նա սպառազինություն ձեռք չբերի:
"Դուք գիտեք, որ Հայաստանը հստակ առաջարկ է արել Ադրբեջանին սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, որն անպատասխան է մնացել", - ասել է նա:
Պատգամավորի ասելով՝ հայկական կողմը պետք է հաշվի առնի, որ Բաքուն ևս զինվում է, «և, եթե այնտեղ մտահոգություններ կան, ապա այստեղ՝ առավել ևս: "Այս տեսանկյունից տրամաբանական կլիներ, որ նման մեխանիզմ գործեր, բայց առաջարկն անպատասխան է մնացել ", - նշել է Խանդանյանը: