Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա են գտնվել Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը, որը հիմնադրամը մեծահոգաբար տրամադրել էր դեսպանի կեցավայրում ներկայացնելու համար։
ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն, արվեստագետները, կոմպոզիտորները, կառավարության, ակադեմիայի և քաղաքացիական հասարակության առաջնորդները հարգանքի տուրք են մատուցել աշխարհահռչակ ամերիկահայ գրողի և արվեստագետի ժառանգությանը, ինչպես նաև Սարոյան հիմնադրամի շարունակական ջանքերին` պահպանելու և տարածելու Վիլյամ Սարոյանի ներդրումը ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական մշակույթում:
Հարկ է նշել, որ գրականությունից բացի, Սարոյանն իր կյանքի որոշակի ժամանակահատվածում զբաղվել է գեղանկարչությամբ: Նրա աշխատանքները դասում են "աբստրակտ էքսպրեսիոնիզմ" հոսանքին։ Ֆրեզնոյից (Վ. Սարոյանի ծննդավայր) քանդակագործ Վարազ Սամուելյանի պատմածների համաձայն, գրողը սկսել է գեղանկարչությամբ զբաղվել 1950-ական թվականներից: 1982 թվականին Փարիզի նրա բնակարանում գույքագրման ժամանակ քանդակագործը հաշվել է մոտ 700 նկար, ինչպես նաև անձնական գրադարանի գրքերի ֆորզացների վրա արված հարյուրավոր նկարներ:
Նշենք, որ Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908թ. օգոստոսի 31-ին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում: Նրան Ճանաչում է բերել պատմվածքների առաջին իսկ ժողովածուն՝ "«Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ»: Վիլյամ Սարոյանը գրել է ավելի քան մեկուկես հազար պատմվածք, տասներկու պիես և մոտ տասը վեպ ։ Նրա լավագույն ստեղծագործություններից է համարվում "Մարդկային կատակերգություն" (1942թ.) վիպակը, որը մասամբ ինքնակենսագրական է: Հայտնի են նաև "Վեսլի Ջեքսոնի արկածները" (1946թ.) և "Մայրիկ, ես քեզ սիրում եմ" (1956թ.) և այլն ։ 1940թ. լույս է տեսել "Իմ անունը Արամ է", 1944թ. ՝ "Սիրելի փոքրիկ" պատմվածքների ժողովածուն: Սարոյանն արժանացել է Պուլիցերյան մրցանակի՝ լավագույն դրամայի համար ("Քո կյանքի ժամերը"), որից հրաժարվել է, ինչպես նաև "Օսկար" մրցանակի ՝ Լավագույն գրական սկզբնաղբյուրի համար ("Մարդկային կատակերգություն"): Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 18 - ին իր հայրենի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ թաղվել է: Բայց կատարելով գրողի կտակում թողած կամքը ՝ նրա սրտի մի մասը թաղել են Հայաստանում ՝ Արարատի ստորոտին, որից ոչ հեռու Վանա լիճն է, իսկ այնտեղ,ավելի հեռու՝ Բիթլիս քաղաքը՝ նրա ծնողների հայրենիքը։