Արմինֆո. Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն սկսում է ակցիաների շարք՝ «Ո՛չ քաղաքային տրանսպորտի թանկացմանը», «Ո՛չ թալանին» կարգախոսներով: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված խմբակցության հաղորդագրությունում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն՝ իրեն կցված շրջանակների հետ, 2025թ․ հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, իսկ շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր։ Թոշակառուների և հաշմանդամների համար, ըստ «Մայր Հայաստանի» նախագծի, քաղաքային տրանսպորտը կլինի անվճար։
Մեր դիտարկումներով՝ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն թանկացումներից, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծից։ Տեղեկատվական բացը լրացնելու համար նախատեսում ենք տարատեսակ միջոցառումներ՝ այդ թվում փողոցային ակցիաներ։
Իրազեկման առաջին ակցիան կմեկնարկի սեպտեմբերի 3-ին, ժամը 18։00-ին՝ Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից (Կոմիտաս 64)», - ասվում է «Մայր Հայաստան» խմբակցության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել էր, որ հասարակական տրանսպորտի համար գործելու են տարբեր սակագնային փաթեթներ: Ընդ որում, նա տեղեկացրել էր, որ ամսական 60 ուղևորության համար (խոսքը 30 օրացուցային օրվա մասին է) տոմսի համար անհրաժեշտ կլինի վճարել 11 000 դրամ կանխիկ, իսկ Telcell համակարգով վճարելու դեպքում ՝ 10 800 դրամ: Նույն կերպ եռամսյակային և տարեկան տոմսերը կարժենան, համապատասխանաբար, 25 հազար դրամ (Telcell -ի միջոցով ՝ 24,8 հազար դրամ) և 110 հազար դրամ (108 հազար դրամ): "Ըստ այդմ, մեկ ճանապարհահատվածով մեկ ճանապարհածախսի արժեքը կկազմի 180 դրամ ՝ ներկայիս 100 - ի փոխարեն", - նշել էր Սուրեն Գրիգորյանը: Բացի այդ, ըստ ԶԼՄ-ներում տարածված որոշ տեղեկությունների, տրանսպորտի ուղեվարձը կտատանվի 300-ից մինչեւ 500 դրամ մեկ ուղեւորության համար ։ Հավելենք, որ սա Չափազանց բարձր գին է այն քաղաքացիների համար, որոնց եկամուտը ամսական կտրվածքով 200 դոլարից պակաս է։