Արմինֆո.Արցախցիների վերադարձի իրավունքն անհնար է ապահովել առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ, առնվազն, դրա հետ կապելու։ Այդ մասին սեպտեմբերի 2-ին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում։
Միևնույն ժամանակ, Արցախի օմբուդսմենը նշել է, որ այս պահին առաջնային է հենց այդ թեման միջազգային օրակարգում ընդգրկելը: Նա ընդգծել է, որ արցախցիների վերադարձի իրավունքն ամրագրված է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ, և դրա իրականացման համար պետք է ներդրվեին բոլոր ջանքերը:
"Շատերը կասեն, որ դա իրատեսական չէ։ Միգուցե, ինչ-որ իմաստով, այս պահին դա ճիշտ կարծիք է։ Բայց անձամբ ես չեմ պատրաստվում հրաժարվել այն իրավունքից, որը տրվել է միջազգային դատական ատյանի կողմից։ Ես չեմ դադարի խոսել այդ մասին, քանի դեռ չեմ կարողացել ինչ-որ կերպ հասնել այդ իրավունքի իրացմանը", - ընդգծել է Արցախի օմբուդսմենը։
Անդրադառնալով արցախցիների անվտանգ վերադարձի համար պաշտպանական մեխանիզմների ապահովման թեմային՝ Ստեփանյանը պարզաբանել է, որ այժմ դրանց մասին խոսելն անիմաստ է: "Այդ հարցը բարձրացնելն իմաստ չունի, քանի դեռ Արցախի ինքնորոշման իրավունքի թեման չի վերադարձվել միջազգային օրակարգ։ Վերադառնալ և ապրել Ադրբեջանի վերահսկողության ներքո, ադրբեջանական ոստիկանության հսկողության ներքո կամ Ադրբեջանի բռնապետության ներքո ՝ հնարավոր չէ", - պարզաբանել է Գեղամ Ստեփանյանը։
Արցախի օմբուդսմենը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այսօր ադրբեջանական քաղաքական դաշտում արդեն բացակայում է արցախցիներին իրենց տները վերադարձնելու թեման: Նրա համոզմամբ, եթե այդ թեման մնար օրակարգում, ապա ադրբեջանական իշխանություններն այսօր այդքան արագ Ստեփանակերտը չէին բնակեցնի ադրբեջանցիներով և չէին յուրացնի արցախցիների տները:
"Փաստորեն, Ադրբեջանը դադարել է պնդել իր նախկին հայտարարությունները, հասկանալով, որ Հայաստանն՝ ինքը, իր հերթին, դադարել է բարձրացնել այդ հարցը։ Արցախցիների վերադարձը կապելով Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հետ՝ Ադրբեջանն այդ հարցը հանել է օրակարգից։ Միեւնույն ժամանակ, Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բազմիցս ընդգծել է, որ այդ երկու հարցերն անհամեմատելի են", - նշել է Ստեփանյանը։
Անդրադառնալով Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի գագաթաժողովի (COP29) անցկացմանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այն լավ հարթակ կլինի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և պատանդների խնդիրները բարձրաձայնելու համար, բայց՝ ոչ ավելին: "Այս միջոցառումն օգտագործել մեր բանտարկյալներին ազատ արձակելու համար, անշուշտ, կարելի է, բայց մեծ ակնկալիքներ չունեմ, քանի որ գիտեմ, թե ում հետ գործ ունենք", - հավելել է նա: