Արմինֆո. Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 91 տոկոսի հաշվարկի արդյունքում նախագահ Իլհամ Ալիևի "Ենի Ազերբայջան" (Նոր Ադրբեջան) կուսակցությունը Միլլի մեջլիսի 125 տեղերից ստանում է 68-ը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Պանախովը։
Ըստ ԶԼՄ-ների՝ իշխանության դեմ հանդես եկող քաղաքական ուժերը երկրի նոր խորհրդարանում ներկայացված չեն լինի։ Մնացած մանդատները բաժին կհասնեն ձեւականորեն անկախ թեկնածուներին, որոնք իրականում աջակցում են կառավարությանը, ինչպես նաեւ՝ ոչ մեծ կառավարամետ կուսակցություններին:
ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 37 տոկոսը կամ 2 միլիոն 196 հազար 711 ընտրող: Երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ "Ադրբեջանի Ժողովրդական ճակատը", բոյկոտել է քվեարկությունը: Մյուս ընդդիմադիր "Մուսավաթ" կուսակցությունը 15 տարվա մեջ առաջին անգամ մասնակցել է ընտրություններին, սակայն նոր խորհրդարանում ոչ մի տեղ չի ստանում ։ Նրա առաջնորդ Արիֆ Գաջիլին Reuters-ին ասել է, որ կուսակցությունը չի հավատում անցած ընտրությունների ազնվությանը, բայց մասնակցել է դրանց՝ "երկրում քաղաքական մթնոլորտն ակտիվացնելու համար":
Նշենք, որ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, ծեծկռտուքներով, սակայն, միջազգային դիտորդները, այդ թվում նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, դրանք անվանել են "թափանցիկ և ժողովրդավարական սկզբունքներին համահունչ":