Արմինֆո. Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձում:
«Արցախը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախ է հռչակվել այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան: Դրանից երեսուներկու տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված, իր բնօրրանից ամենազազրելի մեթոդներով բռնի տեղահանված արցախահայությունն ունի արժանապատիվ պայմաններով վերադարձի իրավունք, և ստեղծված իրավիճակում նրա անքակտելի իրավունքների իրացման համար առկա են միջազգային մեխանիզմներ:
Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը, ազատ և անկախ ապրելու համար պայքարած, անասելի զրկանքներ կրած մեր ժողովրդի ճնշող մեծամասնության նվիրական գործը:
Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ:
Բավարար ջանքեր գործադրելու, հնարավոր բոլոր միջոցներով նպատակային աշխատանք իրականացնելու պարագայում կարող ենք հաջողության հասնել:
Աներկբա է, որ այս հարցում առաջին հերթին անհրաժեշտ է պետական մակարդակով և ազգային շահի պաշտպանության դիրքերից շահագրգիռ աշխատանք իրականացնել, որի համար կարևոր է այդպիսի գիտակցումով իշխանություն ունենալը:
Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը:
Ուրանում են:
Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ջատագով քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է անտարբեր մնա հայ ժողովրդի՝ հազարամյակներով իր բնօրրանում ապրած մի մեծ հատվածի հայրենազրկման ու բռնի տեղահանման հարցում», - նշվում է ՀՀ երրորդ նախագահի ուղերձում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին լրանում է 1991թ.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի ընդունման 33-ամյակը: Արցախի ժողովուրդը 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեում վճռականություն է հայտնել կառուցել և ամրապնդել իր պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա: Այս հարցին դրական է պատասխանել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,89 տոկոսը։ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություն սկսեց Արցախի դեմ ։ Այն ավարտվեց սեպտեմբերի 20-ին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ։ Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար մարդ ։ Հայաստանի քննչական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվել է, ավելի քան 300 - ը ՝ վիրավորվել, 16 - ը՝ գերեվարվել, 14 - ը՝ խոշտանգվել, 42-ը ՝ անհետ կորել։
Վերջին տվյալներով՝ Արցախից Հայաստան է ժամանել 100 632 բռնի տեղահանված։ Օկուպացնելով Արցախը՝ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այդ տարածաշրջանում հայկական հետքի ոչնչացման քաղաքականություն։