Արմինֆո. Հայաստանն օգոստոսի 30-ին նոր առաջարկ է ուղարկել Ադրբեջանին՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շրջանակներում: Այդ մասին օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Մենք երեկ մեր առաջարկը ներկայացրել ենք պաշտոնական Բաքվին։ Օբյեկտիվորեն, պաշտոնական Բաքուն դեռ չի հասցրել ծանոթանալ մեր առաջարկի էությանը։ Իսկ մեր առաջարկի էությունն այն է, որ խաղաղության պայմանագրի վերջին տարբերակում կա 17 հոդված, որոնցից 13-ը լիովին համաձայնեցված են՝ ներառյալ նախաբանը ։ Եվս երեք հոդվածների ձևակերպումների մեծ մասը համաձայնեցված է։ Մեր առաջարկն այն է, որ վերցնենք բոլոր համաձայնեցված հոդվածները և դրա հիման վրա ստորագրենք խաղաղության պայմանագիր։ Մենք դա հնարավոր ենք համարում, քանի որ այդ հոդվածներում համաձայնեցված են պայմանագրի բոլոր հիմնական սկզբունքները։ Ըստ էության, չի կարելի միանգամից համաձայնեցնել առկա բոլոր խնդիրները։ Մենք առաջարկում ենք ստորագրել և վավերացնել արդեն համաձայնեցվածը, իսկ մնացածի վերաբերյալ քննարկումները շարունակել", - պարզաբանել է Փաշինյանը։
Նա նաև հաղորդել է, որ արդեն համաձայնեցված կետերում առկա է մեխանիզմ, որը թույլ է տալիս մշտապես գործող հարթակում քննարկել խաղաղության պայմանագրի իրականացման հետ կապված ցանկացած հարց, այդ թվում՝ նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցերը:
Հայաստանի վարչապետը նաև չի բացառել, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո Երևանի և Բաքվի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, ինչը լրացուցիչ հարթակ կդառնա առկա բոլոր հարցերի քննարկման համար: