


Ազատության հրապարակում հացադուլ անող Երևանի ավագանու ՙԲարև Երևան՚ խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը համոզված է, որ մայրաքաղաքի ոստիկանությունը ճնշում է գործադրում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման անդամների վրա:
ՙՃնշման պատճառով որոշ քաղաքացիներ հրաժարվում են պայքարից, սակայն իրավապահ մարմինների ներկայացուցիչների նման մեթոդները սխալ են: Մարդկանց կարելի է ստիպել չգալ Ազատության հրապարակ, բայց հնարավոր չէ ամբողջովին հեռացնել նրանց պայքարից՚,- այսօր լրագրողներին հայտարարել է Սանասարյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ավելի վաղ հացադուլ հայտարարած երեք երիտասարդ դադարեցրել են այն ոստիկանության ճնշումից հետո: ՙՈստիկանները պարզել են նրանց անունները և հասցեները, այնուհետև ուշ երեկոյան նրանք լքել են հրապարակը ու այլևս չեն վերադարձել՚,- ասել է նա:
Նշենք, որ Դավիթ Սանասարյանը հուլիսի 6-ին Ազատության հրապարակում հայտարարել է հացադուլ սկսելու մասին: ՙԱյս քայլն ուղղված է ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ քաղաքացիների դեմ: Ես իմ բողոքն եմ հայտնում ընդդեմ Հայաստանի քաղաքացիների, և հացադուլը կդադարեցնեմ միայն այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները միանան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընդհանուր պայքարին՚,- ասել է նա:
Սանասարյանին միացել է ևս երեք երիտասարդ, սակայն այնուհետև նրանք դադարեցրել են հացադուլը`պատճառաբանելով վատ ինքնազգացողությամբ:



