


Արմինֆո.«Խաղաղության» պայմանագիրը կամ համանման անվանումով ցանկացած այլ փաստաթուղթ ստեղծված իրավիճակում խիստ անհրաժեշտ է բացառապես Ադրբեջանին, քանզի դա կլինի Արցախի բռնությամբ հայաթափումը և մյուս ոճրագործությունները օրինականացնելու արժեքավոր և հիմնարար իրավական փաստաթուղթ, դե ֆակտո՝ լեգիտիմ հաղթաթուղթ: Նման կարծիք է հայտնել արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Թուրքական դիվանագիտությունը հերթական անգամ ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ իրեն հետևողականորեն աղերսեն ստորագրելու մի այնպիսի փաստաթուղթ, որում հենց ինքն է շահագրգռված ...», - գրել է իրավագետը՝ Facebook-ի իր էջում:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը, առանց որի "Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը անհնար կլինի": Այդ առնչությամբ, երբ դեռ ս. թ. սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը "ՀՀ-ն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում", վարչապետի ընդդիմախոսները հայտարարեցին, որ նախաձեռնությունը Բաքվից է բխում, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումները։ Մինչդեռ, 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած հռչակագիրը ոչ միայն հայ ժողովրդի՝ իր անկախ պետությունը վերականգնելու դարավոր երազանքի արտահայտությունն է, այլև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո միավորումը իրավաբանորեն ձևակերպելու փորձ: Բաքվի և Անկարայի համար հաջորդ "անցանկալի պահը" Անկախության հռչակագրի 11-րդ կետն է, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: -



