Արմինֆո. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը: Այդ մասին «Ազատությանը» տեղեկացրել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը», - հաղորդել են Քրեակատարողական ծառայությունից։
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարել են այնտեղ գտնվող Հայաստանի խորհրդարանի և կառավարության ղեկավարներին ու անդամներին: Ահաբեկիչների զոհ են դարձել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը: Ահաբեկիչների դատավարությունը ընթացել է 2001-2003 թվականներին ։ Մեղադրող կողմը պահանջել է պատժի բարձրագույն միջոց, սակայն մահապատիժը Հայաստանում վերացվել է 2003 թվականի սեպտեմբերին ՝ Եվրոպայի խորհրդի հանդեպ ստանձնած պարտավորությունների համաձայն: Ցմահ ազատազրկման են դատապարտվել վեց ահաբեկիչներ, այդ թվում ՝ խմբի պարագլուխ, նախկինում լրագրող Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, նրանց հորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը: Խմբի մեկ այլ անդամ ՝ Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Բոլոր յոթն էլ մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով ՝ ներառյալ հայրենիքի դավաճանությունը, ահաբեկչությունը, առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացումը: Վռամ Գալստյանը, ըստ պաշտոնական վարկածի, 2004 թվականի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել "Նուբարաշեն" ՔԿՀ-ի մենախցում: 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացել է 2010 թվականի մայիսին՝ սրտի կաթվածից: Գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է դեռևս դատավճռի կայացումից առաջ ՝ "Նուբարաշեն" ՔԿՀ-ի խցում հոսանքահարվելու հետևանքով: 2017 թվականի նոյեմբերի 3-ին սրտի հետ կապված խնդիրների պատճառով բանտում մահացել է Էդիկ Գրիգորյանը: