Արմինֆո.ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինն էթիկայի կանոնների խախտում է հայտնաբերել մայիսի 24-ին և հունիսի 6-ին Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության "Առաջին ալիքի" եթեր հեռարձակված հաղորդումներում, որոնք վերաբերել են արցախցիներին:
Դիտորդ մարմնի եզրակացության մեջ նշվում է, որ տեղեկատվության հեռարձակման ժամանակ խախտվել է անձնական կյանքի անձեռնմխելիության պահպանման պահանջը (հանցագործությունների մեջ մեղադրվողների ձայները հեռարձակվել են առանց փոփոխությունների), ինչպես նաև տարածվել են բացասական կարծրատիպեր արցախցիների նկատմամբ:
«Բացի այդ, հեռուստաալիքը չի հեռացրել բազմաթիվ մեկնաբանությունները, որոնք պարունակում են վիրավորանքներ, քարոզում են ատելության հրահրում, բռնություն և օրենքով արգելված այլ գործողություններ: Խախտվել է նաև կանոնակարգի այն կետը, որը նախատեսում է նյութն ուղեկցող լուսանկարների համապատասխանությունն իրականությանը", - ասվում է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացության մեջ:
Միաժամանակ, եզրակացության մեջ նշվում է, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը դիտորդ մարմնին տված պարզաբանման մեջ հայտարարել է, որ հեռուստաալիքը "հեռարձակել է Քննչական կոմիտեից (ՔԿ) ստացված պաշտոնական հաղորդագրություններ":
Այդ առնչությամբ դիտորդ մարմինն ընդգծել է, որ Հանրային հեռուստատեսությամբ ՔԿ պաշտոնական հաղորդագրության հեռարձակումը նրան չի ազատում լրագրողական էթիկայի նորմերի պահպանումից:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին օմբուդսմեն, "Արցախ միություն" ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը դիմել էր դիտորդ մարմնին՝ խնդրելով ուսումնասիրել ՀՀՀ-ի եթերում հեռարձակված ռեպորտաժները, որոնցում, ինչպես նշել էր Բեգլարյանը, խեղաթյուրվել է տեղեկատվությունը, ատելություն է բորբոքվել արցախցիների նկատմամբ, ավելորդ անգամ շեշտադրվել է ենթադրյալ հանցագործների արցախյան ծագումը:
Հավելենք, որ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նախկին համայնքապետերին ձերբակալելու և ընդդիմության հանրահավաքներին արցախցիների, իբր, փողով մասնակցության վերաբերյալ ՀՀՀ-ի պատրաստած հաղորդումներին։