Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և ՀԿԵ ՓԲԸ, ինչպես նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարությունում կայացած հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Պավլովսկուն՝ մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքն արագ վերականգնելու հարցում երկաթուղայինների կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կոնցեսիոն պայմանագրի մեջ մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր, խոսվել է երկաթուղու աշխատանքի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտության մասին, համաձայնեցվել են մի շարք դրույթներ։
Հիշեցնենք, որ "ՀԿԵ" ՓԲԸ-ը "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ 100% դուստր ընկերությունն է: 2008 թվականի փետրվարի 13-ին Երևան քաղաքում "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է կոնցեսիոն պայմանագիր Հանրապետության երկաթուղային տրանսպորտի համակարգը "ՀԿԵ" ՓԲԸ կառավարմանը հանձնելու մասին: Պայմանագրի համաձայն ՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է ՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի առաջին քսան տարիներից հետո ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով ։ "ՀԿԵ" ՓԲԸ խնդիրների մեջ են մտնում ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության զարգացումը, ներհանրապետական և միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացումը: Ընկերության կողմից իրականացվող ներդրումների չափը կազմում է 572 մլն դոլար: "ՀԿԵ" ՓԲԸ իր գործունեությունը սկսել է 2008թ. հունիսի 1 – ից: