


Արմինֆո. Ադրբեջանն արգելել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորների մուտքը երկիր, որոնք դեմ էին քվեարկել կազմակերպությունում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վավերացմանը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Ինչպես հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հաջիզադեն, մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբի քննադատությունը, նշել է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկած անձինք ընդգրկվել են "անցանկալիների"ցուցակում:
Նրա խոսքով, միակ պատճառը, որ ԵԽԽՎ ներկայացուցիչներին չեն հրավիրել դիտարկելու խորհրդարանական ընտրությունները, այն է, որ չնայած քաղաքական մակարդակով Ադրբեջանին տրված, այդ թվում՝ Գերմանիայի պաշտոնատար անձանց խոստումներին, ադրբեջանական պատվիրակության մանդատը մինչ օրս չի վերականգնվել: Վերջում, ավանդույթի համաձայն, Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է "միջազգային մակարդակով ստանձնած պարտավորություններին, լավ է հասկանում դրանք":
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այս տարվա հունվարի 24-ին որոշել է չվավերացնել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները ՝ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության պատճառով:



