Արմինֆո.Հայաստանի գործող իշխանությունն ու նրա արբանյակները, սպասարկելով Բաքվի օրակարգը, արշավ են սկսել ՀՀ սահմանադրության և, մասնավորապես, Անկախության հռչակագրի դեմ։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Արա Պապյանը՝ օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Պապյանը նշել է, որ ՀՀ սահմանադրության նախաբանում նշված է, որ այն հիմնված է հայոց պետականության հիմնարար սկզբունքների և Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված համազգային նպատակների վրա: Վերջինս հիմնվում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա:
Այդ առնչությամբ քաղաքական գործիչը վստահ է, որ ՀՀ հիմնական օրենքը փոխելու անհրաժեշտության մասին բոլոր խոսակցությունները նախաձեռնվել են նպատակ ունենալով, առաջին հերթին, փաստաթղթից հանել հղումներն Անկախության հռչակագրին, որում հիշատակություն կա Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման վերաբերյալ որոշման մասին:
«Հաջորդ թիրախը կարող է լինել Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Այնպես որ, այս համատեքստում էլ փաստաթուղթը խնդրահարույց է ներկայիս իշխանության համար», - կարծում է Պապյանը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում է, որ ՀՀ սահմանադրությունը փոխվի, առանց որի "Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի": Այդ առնչությամբ, երբ դեռ ս. թ. սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը "ՀՀ-ն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում", վարչապետի ընդդիմախոսները հայտարարեցին, որ նախաձեռնությունը Բաքվից է գալիս, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումները։ Մինչդեռ, 1990թ. օգոստոսի 23 - ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրը ոչ միայն հայ ժողովրդի՝ իր անկախ պետությունը վերականգնելու դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո միավորումը իրավաբանորեն ձևակերպելու փորձ: -