


Արմինֆո. Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ:
Նշենք, որ դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր Երևանում ֆրանսիական ռազմական կցորդի նշանակման մասին՝ երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման նպատակով։ Իսկ արդեն հոկտեմբերի սկզբին Ֆրանսիան դրական էր արձագանքել Հայաստանի ռազմական օգնության խնդրանքին ՝ Ադրբեջանից բխող սպառնալիքի ֆոնին։ Հոկտեմբերի 22-23-ը Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը տեղեկացվել էր Երևանին սպառազինություն մատակարարելու շուրջ համաձայնության գալու մասին: Ստորագրվել են համաձայնագիր Երևանին երեք Thales Ground Master 200 (GM200) ռադարների մատակարարման մասին և փոխըմբռնման հուշագիր փոքր հեռահարության Mistral ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ ։ Երկրորդ պայմանագիրը վերաբերում էր Երևանի կողմից գիշերային տեսանելիության հեռադիտակների, Safran-ի արտադրության սարքավորումների ձեռք բերմանը։ Ֆրանսիան արդեն Հայաստան է մատակարարել 24 միավոր "Բաստիոն" թեթև զրահամեքենա։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը կստանա 50 նման մեքենա։


